ԱՀԿ-ում կոչ են արել կորոնավիրուսին դիմակայելու համար հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից և զբաղվել սպորտով

23:45 • 20.03.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից և զբաղվել սպորտով՝ նոր կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու համար, գրում է ria.ru-ն։

«Կերեք առողջ և օգտակար սնունդ, որը կօգնի ձեր իմունային համակարգին նորմալ գործել, սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը և խուսափեք շաքար պարունակող ըմպելիքներից և մի՛ ծխեք։ Վարակվելու դեպքում ծխելը կարող է մեծացնել հիվանդության ծանր ձևի զարգացման վտանգը»,-ասել է նա և հավելել, որ անհրաժեշտ է նաև օրական առնվազն 30 րոպե հատկացնել ֆիզիկական ակտիվությանը։

«Եթե աշխատում եք տնից, հետևեք, որ նույն դիրքում երկար ժամանակ նստած չմնաք։ Ամեն 30 րոպեն մեկ ընդմիջում արեք»,- հավելել է նա։

Նշենք, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը: Սա են վկայում համապատասխան հաշվարկներ իրականացնող Ջոն Հոփքինսի անվան համալսարանի թարմ տվյալները: Ըստ այդմ՝ զոհերի թիվը հասել է 10 031-ի: Աշխարհում գրանցվել է ախտահարման 245 484 հաստատված դեպք, որից 86 035-ն ապաքինվել է: