ԶԼՄ-ները կարող են դիմել պարետին և հասկանալ, թե արդյոք տեղեկատվությունը խուճապ առաջացնող է, թե՝ ոչ. Վահե Դանիելյան

22:58 • 20.03.20

Հստակ ի՞նչ տեղեկատվութուն իրավունք ունեն տարածել լրատվամիջոցները կամ քաղաքացիները, ի՞նչ տեղեկատվություն՝ ոչ, ի վերջո ո՞րն է խուճապը։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստին արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետաքրքրվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Փոխնախարարը նշեց, որ սահմանափակումները վերաբերում են կորոնավիրուսի առկա նոր դեպքերին, դրանց շրջանակներին և այն տեղեկություններին, որոնք կարող են խուճապ առաջացնել։

Բացի այդ նա նշեց, որ Կառավարությունը փոփոխություններ է արել դրույթի մեջ և հստակեցրել, որ խոսքը վերաբերում է ակնհայտ խուճապ հարուցող և իրական վտանգ առաջացնող դեպքերին, միայն այդ դեպքում կարող են անձինք ենթարկվել պատասխանատվության:

Միևնույն ժամանակ փոխնախարարն ասաց, որ չկա սպառիչ ցանկ, որը կբնութագրի խուճապ առաջացնող տեղեկատվությունները․

«Բոլոր այն դեպքերում, երբ ԶԼՄ-ները կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, որը ոչ, կարող են խորհդատվությամբ դիմել պարետին և հասկանալ, թե առանձին տեղեկատվությունը կարո՞ղ է խուճապ առաջացնել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ խուճապը համընդհանուր հասկանալի հասկացություն է և մարդիկ կարող են ինքնուրույն գնահատել։ Օրինակ, եթե պաշտոնական տեղեկատվությունից զատ մահվան դեպքեր հատուկ նշվեն, հասկանալի է, որ դրանք կարող են խուճապ առաջացնել, օրինակները այնքան շատ են, ես չեմ կարող բոլոր իրավիճակները ներկայացնել», - ասաց փոխնախարարը: