Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հատել է 10 000-ի շեմը
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը, հայտնում է The Guardian պարբերականը՝ հղում անելով համապատասխան հաշվարկներ իրականացնող Ջոն Հոփքինսի անվան համալսարանի թարմ տվյալներին:
Ըստ այդմ՝ զոհերի թիվը հասել է 10 031-ի: Աշխարհում գրանցվել է ախտահարման 245 484 հաստատված դեպք, որից 86 035-ն ապաքինվել է:
Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված մահացության թվով գերազանցել է Չինաստանին. Հռոմում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակից մահացության նոր 427 դեպք: Մահվան ելքով դեպքերի թիվը երկրում հասել է 3405-ի, ինչը գերազանցում է Չինաստանում գրանցված ցուցանիշը՝ 3245 դեպք։
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ երկրում հինգշաբթի վարակակիրների ընդհանուր թիվը 35 713-ից հասել է 41 035-ի, ինչը 15%-անոց աճ է:
Մինչ եվրոպական կառավարությունները պայքարում են արագ տարածվող համավարակի դեմ, Չինաստանն առաջին անգամ վարակման որևէ նոր դեպքի մասին չի հայտնել:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:










