Տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել առկա խնդիրները. դա վստահություն է ներշնչում, որ հետևողական կլինեք դրանք լուծելու գործում. վարչապետը՝ ԱԱԾ և Ոստիկանության նորանշանակ ղեկավարներին

14:37 • 20.03.20

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և Ոստիկանության պետ Արման Սարգսյանին։

Վարչապետը նշեց, որ թեև նորանշանակ պաշտոնյաներին ներկայացնում են աշխատակազմին, բայց ինքը որոշել է փոխել ֆորմատը, քանի որ նախ՝ նրանց արդեն իսկ ներկայացրել է աշխատակազմերին՝ ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելիս, և՝ համաճարակով պայմանավորված:

«Պետք է ասեմ, որ կա գործոն, որ էական նշանակություն է ունեցել ձեր վերանշանակման գործում: Ես հստակ արձանագրել եմ և տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել և թաքցնել խնդիրները, որոնք այսօր առկա են, և դա վստահություն է ներշնչում, որ դուք հետևողական կլինեք այդ խնդիրները լուծելու գործում»,- դիմելով նորանշանակ ղեկավարներին՝ ասաց վարչապետը:

Նա նշեց, որ կարևոր է ինստիտուտներում ունենալ ռազմավարական փոփոխությունների այնպիսի պլան, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն լինեն զարգացող մարմիններ: 

Փաշինյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ ԱԱԾ-ում և Ոստիկանությունում աշխատում է պրոֆեսիոնալների շատ մեծ բանակ, բայցև ակնհայտ է, որ երկու համակարգերը ունեն լրջագույն բարեփոխումների կարիք: «Ուզում եմ արձանագրել, որ մենք հստակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ չպետք է ընկրկենք: Այլընտրանք ուղղակի գոյություն չունի»,-նշեց նա:

«Ես համոզվել եմ, որ դուք չունեք շատ դեպքերում պետական կառավարման մարմիններում նկատվող այն միտումը, համենայն դեպս չեք տրվում այն միտմանը, որ համակարգերում եղած պրոբլեմները պետք է թաքցնել, քողարկել, շատ դեպքերում հովանավորել նեգատիվ երևույթները»,-ասաց Փաշինյանը:

Նա ասաց նաև, որ իրեն ուղղված քննդատատություն կա, թե ինչու այնպիսի փոփոխություններ չեն արվել, որպեսզի հնարավոր լինի Ոստիկանության և ԱԱԾ ղեկին նշանակել քաղաքական գծի՝ իրենց կողում գտնվող մարդկանցից:

«Ես ուզում եմ հստակ, հատուկ շեշտել, որ ինձ համար բոլոր առումներով շատ կարևոր է ՀՀ-ում պետական ինստիտուտների կայացումը, որոնք մաքսիմալ զերծ լինեն քաղաքական փոփոխությունների հետևանքով ցնցումների ենթարկվելուց: Ես գիտեմ, որ այդ քննադատությունները իմ հասցեին շարունակվելու են, բայց ես առաջին հերթին իմ գործառույթը տեսնում եմ աջակցել, որ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, և պետական մյուս կառույցներն առաջին հերթին կայանան որպես պետական ինստիտուտներ, որոնք առաջին հերթին գործում են հենց պետության և ժողովրդի, մեր ազգային անվտանգության շահերից ելնելով և կախվածություն չունեն, իրենց ծառայության տրամաբանությունը քաղաքական նպատակահարմարություններին ծառայելու տրամաբանություն չէ»,-ասաց գործադիր մարմնի ղեկավարը: 

Նա նշեց, որ այսուհետ պատասխանատվությունը կիսելու են երեքով, և պետք է կարողանան ապացուցել, որ այն ճիշտ ճանապարհ է:


Մանրամասները՝ տեսանյութում: