Մալայզիայի բանակը ոստիկանությանը հետ կվերահսկի համաճարակի ֆոնին բնակիչների տանը մնալը
Մալայզիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրի բանակը կիրակի օրվանից կսկսի ոստիկանությանն օգնել կորոնավիրուսի պատճառով երկրում քաղաքացիների սահմանափակված տեղաշարժի վերահսկման գործում: Այս մասին գրում է South China Morning Post պարբերականը:
Մալայզիայի պաշտպանության նախարար Իսմայիլ Սաբրի Յակուբը հայտարարել է, որ բանակը կօգնի ոստիկանությանը վերահսկել իրավիճակն ու ապահովել մարդկանց տներում մնալը: Նա տեղեկացրել է, որ մարդկանց 60%-ը տանն է մնացել չորեքշաբթի` հրամանի ուժի մեջ մտնելու առաջին օրը, երբ ոստիկանությունը բազմաթիվ հսկիչ-անցագրային կետեր է տեղադրել և ստուգել հազարավոր տրանսպորտային միջոցներ:
Երկուշաբթի օրը հայտարարված մասնակի սահմանափակումը մարդկանցից պահանջում է մինչև մարտի վերջ տանը մնալ, եթե նրանք չեն գնում առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերելու, չեն դիմում բժշկական օգնության, չեն կատարում ծառայողական պարտականություններ:
Արտասահման մեկնելն արգելված է: Ցանկացած մարդու, ով կխախտի կարգը, սպառնում է մինչև 6 ամիս ազատազրկում կամ տուգանք, հնարավոր է նաև՝ երկուսը միասին:
Այս որոշումները տագնապ են առաջացրել Սինգապուրում, քանի որ այն մեծ կախվածություն ունի Մալայզիայից եկող աշխատուժից:










