Կալիֆոռնիայի նահանգապետը «տանը մնալու» հրաման է արձակել 40 մլն բնակչի համար

10:54 • 20.03.20

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կորոնավիրուսի համավարակի ֆոնին նահանգի 40 մլն բնակչությանը տանը մնալու կարգադրություն է տվել:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, նահանգապետը Կալիֆոռնիայի բնակիչներին կոչ է արել տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է վարակի տարածումը կանխելու համար:

nbcnews.com-ը հավելում է, որ հրամանն ուժի մեջ է մտել երեկ գիշերվանից:

Այնուհանդերձ՝ մթերային խանութները, առաքում իրականացնող ռեստորանները, գազի լցակայանները, դեղատները, բանկերը և լվացքատները բաց կմնան: Փակվելու հրաման է տրվել բարերին, գիշերային ակումբներին, մարզասրահներին, կոնֆերանս կենտրոններին:

Ըստ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսի վարակման դեպքերը հասել են 244 523-ի: Կա մահվան 10 030 դեպք, ապաքինվել է 86 031 մարդ: