Netflix-ը 100 միլիոն դոլարի չափով հիմնադրամ է ստեղծել, որը կաջակցի կորոնավիրուսի հետևանքով առանց աշխատանքի մնացած աշխատակիցներին

10:57 • 21.03.20

Ամերիկյան Netflix ընկերությունը 100 միլիոն դոլարի չափով հիմնադրամ է ստեղծել, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առանց աշխատանքի մնացած կինո և հեռուստաոլորտի աշխատակիցներին, գրում է bloomberg.com կայքը։ 

Աշխարհում ամենախոշորը համարվող սթրիմինգային ծառայությունը նշել է, որ 85 միլիոն դոլար կծախսի կինո և հեռուստաոլորտում աշխատող մարդկանց օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այն խոստացել է նաև լրացուցիչ 15 միլիոն դոլար տրամադրել երրորդ կողմին, այն է՝  Կինոյի և հեռուստատեսության հիմնադրամին (Motion Picture and Television Fund) և ԱՄՆ դերասանների ամենամեծ միության կողմից ստեղծված աղետների հիմնադրամին։ 

Ստուդիաները կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում դադարեցրել են նկարահանման աշխատանքները՝ ժամանակավորապես կասեցնելով դերասանների, տեխնիկական գծով և այլ աշխատակիցների աշխատանքը։ Հայտնի է, որ զվարճանքի ոլորտում 150 000 աշխատակիցներից 120 000-ն արդեն կորցրել է աշխատանքը։ 

Netflix ընկերությունը նախորդ տարի գրեթե 15 միլիարդ դոլար էր ծախսել այն աշխատանքների ծրագրման վրա, որը պլանավորում էր ի կատար ածել այս տարի։ 

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 276 462 դեպք է գրանցվել, որից 11 417-ը` մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 91 954 մարդ։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

 

Netflix-ը 100 միլիոն դոլարի չափով հիմնադրամ է ստեղծել, որը կաջակցի կորոնավիրուսի հետևանքով առանց աշխատանքի մնացած աշխատակիցներին