Էմինեմը պատմել է, որ «Օսկարի» ժամանակ իր անակնկալ ելույթը կարող էր տապալվել (տեսանյութ)

18:03 • 22.03.20

Էմինեմը պատմել է, որ իր անակնկալ ելույթը փետրվարին կայացած «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ քիչ էր մնացել տապալվեր տեխնիկական անսարքության պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով NME ամերիկյան պարբերականը:

Ամերիկացի ռեփերը զարմացրել էր երկրպագուներին՝ 92-րդ մրցանակաբաշխությանը կատարելով Lose Yourself ստեղծագործությունն «Ութերորդ մղոն» ֆիլմի թողարկումից 17 տարի անց, որում էլ հնչել էր երգը:

Չնայած ջերմ ընդունելության, Էմինեմը հայտարարել է, որ ինքը հրաժարվել է իր ելույթը դիտելուց, քանի որ դժվարությամբ էր հաղթահարել տեխնիկական խնդիրը:

«Երբ դուրս եկա բեմ, ամեն ինչ հիանալի էր: Նրանք այնպիսի համակարգ են կիրառում, որի ժամանակ ևս մեկ բարձրախոս ամրացվում է գոտկատեղի հատվածում, իսկ ականջին ականջակալ է դրվում, որպեսզի հնարավոր լինի լսել ձայնը: Ես ռեփ եմ կարդում և հանկարծ տեսնում եմ, որ այդ ականջակալը ոտքերիս արանքում է հայտնվել»,- կիսվել է կատարողը:

Ելույթի ողջ ընթացքում նա փորձում էր բարձրացնել ականջակալն ու դնել գրպանը:

«Երգի վերջում ես կորցրել էի ինքս ինձ: Մենք, իհարկե, փորձ ենք արել, և ես գիտեմ  Lose Yourself երգի բառերը, բայց նման «դավադրություն» ոչ ոք չէր սպասում: Ես չեմ նայել, թե ինչ է ստացվել: Ես ինչ-որ կերպ գլուխ հանեցի, սակայն չեմ ուզում տեսնեմ դա, ես միայն կբարկանամ»,- հավելել է Էմինեմը:

Էմինեմը պատմել է, որ «Օսկարի» ժամանակ իր անակնկալ ելույթը կարող էր տապալվել (տեսանյութ)