Մեծ Բրիտանիայում ձեռքերը լվանալու մասին մանկական գրքի վաճառքի ծավալները կտրուկ ավելացել են

11:58 • 25.03.20

Մեծ Բրիտանիայում «Ես չեմ ուզում լվանալ ձեռքերս» գրքի վաճառքի ծավալները վերջին ամսվա ընթացքում աճել են 20 անգամ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Ծնողները գնում են Թոնի Ռոսի ոչ այնքան նոր ստեղծագործությունը` հույս ունենալով երեխաներին գրքի միջոցով համոզել ավելի հաճախ լվանալ ձեռքերը կորոնավիրուսի համավարակի պայմաններում:
Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2001 թվականին, այն պատմում է փոքրիկ արքայադստեր մասին, որին անընդհատ խնդրում են լվանալ ձեռքերը փողոցում զբոսնելուց, շան հետ խաղալուց և փռշտալուց հետո:

«Ինչո՞ւ»,-հարցնում է գլխավոր հերոսուհին:

«Որպեսզի մանրէներ չլինեն»,-պատասխանում է դայակը:

Andersen Press հրատարակչության ներկայացուցիչները գրքի նմանատիպ պահանջարկն «աննախադեպ» են անվանել` հստակեցնելով, որ 2020 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում վաճառքի ծավալներն ավելացել են 2000 %-ով, և իրենք ստիպված են եղել նորից տպագրել գիրքը: Անձամբ հեղինակը նշել է, որ գրքի սյուժեի հիմքում իր երեխաների պատմությունն է, որոնց նա շատ մեծ դժվարությամբ է ստիպել լվանալ ձեռքերը:

Մեծ Բրիտանիայում ձեռքերը լվանալու մասին մանկական գրքի վաճառքի ծավալները կտրուկ ավելացել են