Հայտնի երգիչ Ալ Բանոն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Իտալիային աջակցելու համար և նշել, որ անհամբեր սպասում է «վարակի մահվանն ու հուղարկավորությանը». TACC

01:07 • 29.03.20

Իտալացի էստրադային երգիչ Ալ Բանոն բարձր է գնահատում այն օգնությունը, որը Ռուսաստանը տրամադրում է իր երկրին՝ պատմության այս ողբերգական շրջափուլում: Այս մասին երգիչը նշել է՝ TACC գործակալությանը տված հարցազրույցում:

«Շնորհակալություն, շնորհակալություն սիրո նման դրսևորման համար, որ ցուցաբերում է Ռուսաստանն Իտալիայի հանդեպ՝ դժվարին այս ժամանակաշրջանում: Ոչ մի իտալացի երբեք չի մոռանա եղբայրական համերաշխության այս քայլը»,- ասել է Ալ Բանոն, ով Ապուլիայում գտնվող իր տանը շարունակում է մեկուսացած մնալ: «Շատ շնորհակալություն» բառակապակցությունը երգիչն ասել է ռուսերենով:

Ալ Բանոն հավելել է, որ հաջորդ ամիս Իտալիայի 5-րդ ալիքով եթեր դուրս կգա իր հաղորդման վերջին թողարկումը. «Հետո կսպասեմ կորոնավիրուսի մահվանը և նրա հուղարկավորության օրը մեծ տոնախմբություն կկազմակերպեմ: Իսկ ահա պանդեմիայի ավարտից հետո ամբողջ աշխարհով համերգային շրջագայություն կկազմակերպեմ»:

Հավելենք, որ մարտի 22-ից Մոսկվան մեծ օգնություն է ցուցաբերում Իտալիային: Այդ օրը 15 ինքնաթիռ է վայրէջք կատարել Իտալիա՝ բերելով 100 ռուս ռազմական համաճարակաբանների, Պաշտպանության նախարարության մասնագետների՝ նույնպես համաճարակաբանության ոլորտում, բժշկական 8 թիմ`կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ինչպես նաև սարքավորումներ ախտորոշման և ախտահանման համար:

Իտալիան շարունակում է կորոնավիրուսի մահացության առումով առաջին տեղում լինել: Վարակի ամբողջ ընթացքում մահացել է ավելի քան 10 000 մարդ, վարակվածների թիվը գերազանցում է 92 000-ը:  

Հայտնի երգիչ Ալ Բանոն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Իտալիային աջակցելու համար և նշել, որ անհամբեր սպասում է «վարակի մահվանն ու հուղարկավորությանը». TACC