Կորոնավիրուսից մահացել է I Love Rock 'n' Roll երգի հեղինակ Ալան Մերիլը

12:08 • 30.03.20

Հայտնի I Love Rock 'n' Roll երգի հեղինակներից մեկը՝  Ալան Մերիլը, 69 տարեկանում մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, այս մասին Facebook սոցկայքի իր էջում է գրել երգչի դուստրը՝ Լորան։

«Այս առավոտ կորոնավիրուսը հորս տարավ։ Ինձ երկու րոպե էին տվել նրան հրաժեշտ տալու համար, որից հետո տարան: Նա խաղաղ տեսք ուներ, և իմ հեռանալու ժամանակ դեռևս հույս կար, որ իր անունը չի հայտնվի նորություններում»,- գրել է նա։

«Այս ամենից գոնե մի լավ բան ստանալու համար խնդրում եմ՝ լուրջ ընդունեք իրավիճակը։ Փողը նշանակություն չունի։ Մարդիկ մահանում են։ Քեզ թվում է, թե քեզ կամ քո ուժեղ ընտանիքի հետ դա տեղի չի ունենա։ Դա տեղի ունեցավ։ Տանը մնացեք եթե ոչ ձեր, ապա ուրիշների համար»,- գրել է Լորան։

Ալան Մերիլը ծնվել է 1951 թվականին Նյու Յորքում։ Լոնդոն է տեղափոխվել 1970–ական թվականներին։ Երաժիշտը I Love Rock 'n' Roll ստեղծագործությունը գրել է 1975 թվականին կիթառահար Ջեյք Հուքերի հետ: Նրանք այդ ժամանակահատվածում հանդես էին գալիս Arrows խմբի կազմում։ 1982 թվականին երգի քավր տարբերակն առաջարկել է երգչուհի Ջոան Ջեթը՝ այն դարձնելով համաշխարհային հիթ։

ԱՄՆ-ում մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 
142 735 է։ Երկրում հիվանդությունից մահացել է 2489 մարդ, ապաքինվել՝ 4562-ը։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 723 279-ի, որից 33 993-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 800 մարդ։

Կորոնավիրուսից մահացել է I Love Rock 'n' Roll երգի հեղինակ Ալան Մերիլը