Սերգեյ Սարկիսովի՝ Հայաստանում ամերիկացի ուսանողների ճամփորդության մասին պատմող «Չարի հպումը» սերիալն ընդգրկվել է «Էմմիի» հավակնորդների կարճ ցանկում

22:32 • 30.03.20

Ռեժիսոր և պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի «Չարի հպումը» միստիկական սերիալը, որը պատմում է ամերիկացի ուսանողների՝ Հայաստան կատարած ուղևորության մասին, ընդգրկվել է «Էմմի» ցերեկային մրցանակի հավկնորդների կարճ ցանկում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սերիալի արտադրությամբ զբաղվող «Բլից ֆիլմ» ընկերությանը:

««Չարի հպումը» (Evil Touch) սերիալն ընդգրկվել է «Էմմի» ամենամյա մրցանակի (Daytime Emmy Award) հավակնորդների կարճ ցանկում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Բլից ֆիլմ»-ից բացի սերիալի ստեղծման աշխատանքներին մասնակցել են նաև ամերիկյան Associated Television և հայկական Academy Films ընկերությունները:

Ընկերությունից հայտնել են, որ սերիալն ամերիկյան հեռուստատեսության համար նկարահանվել է Հայաստանի տարածքում՝ հայ, ամերիկացի, բրիտանացի դերասանների և նկարահանման ռուսական խմբի մասնակցությամբ:

Ըստ սյուժեի՝ ամերիկացի ուսանողների խումբը պատահաբար հայտնվում է հայկական հեռավոր գյուղերից մեկում: Գիշերը մնալով այնտեղ՝ նրանք հասկանում են, որ այդտեղ զնդան կա, որտեղ դարեր շարունակ «չար ոգին» է փակված եղել:


«Էմմի» ցերեկային մրցանակը հանձնվում է Հեռուստատեսային արվեստների և գիտությունների Նյու Յորքի և Լոս Անջելեսի ակադեմիաների կողմից:


Սերգեյ Սարկիսովի՝ Հայաստանում ամերիկացի ուսանողների ճամփորդության մասին պատմող «Չարի հպումը» սերիալն ընդգրկվել է «Էմմիի» հավակնորդների կարճ ցանկում