«Նրանց պետք էր «Օսկար» և նոր դերեր». Միխալկովը Վայնշտեյնի սեռական բռնության զոհերին համեմատել է մարմնավաճառների հետ (տեսանյութ)
Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից սեռական բռնության զոհերին «ապրանքային տեսքը կորցրած մարմնավաճառներ» է անվանել: Այս մասին Միխալկովը հայտարարել է Бесогон ТВ հաղորդման ժամանակ:
Ռուս ռեժիսորը նշել է, որ Վայնշտեյնի ոտնձգություններից տուժած կանայք գիտակցաբար են կապի գնացել պրոդյուսերի հետ. նրանք դա արել են հանուն «Օսկար»-ի և ֆիլմերում դերեր ստանալու համար:
Ռեժիսորը նշել է նաև, որ ազդեցիկ պրոդյուսերի զոհերը «ցածր սոցիալական պատասխանատվությամբ կանայք են»: Միխալկովի կարծիքով՝ նրանք չունեին «ձգտում, սեր և հույզեր» և առաջնորդվում էին սոսկ չոր հաշվարկով:
Ռեժիսորը կարծում է, որ պրոդյուսերի զոհերը «կորցրել են իրենց ապրանքային տեսքը» և որոշել են Վայնշտեյնի դեմ մեղադրանքներով հիշեցնել իրենց մասին:
Միխալկովը հիշել է նաև 77 մարդ սպանած նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկի մասին՝ նշելով որ վերջինս ազատազրկվել է 21 տարով և իր պատիժը կրում է «բավականին հարմարավետ բանտում», իսկ Վայնշտեյնին դատապարտել են 23 տարվա ազատազրկման:
Կինոգործիչը կարծում է, որ հոլիվուդյան պրոդյուսերը կորցրել է ամեն ինչ, նա ոչնչացված է: Միխալկովը ենթադրել է, որ նման իրավիճակում ավելի լավ կլիներ «Վայնշտեյնին գնդակահարել»:
Հարվի Վայնշտեյնն ամերիկացի կինոպրոդյուսեր էր, Miramax Films ընկերության կառավարման և համահիմնադիրների խորհրդի նախկին անդամ, ինչպես նաև The Weinstein Company ընկերության համահիմնադիրը: «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր է «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի համար։ Հանդիսացել է Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկը։
Նա ձերբակալվել էր 2018 թվականին՝ Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք ինքնակամ ներկայանալուց հետո: Ընդհանուր առմամբ, 2017 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 70 կին նրան մեղադրել է սեռական բռնությունների ու բռնաբարությունների համար։
Ավելի վաղ դատարանը Վայնշտեյնին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի հինգ կետերից երկուսով՝ բռնաբարության և սեռական ոտնձգությունների մասով: Նա դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման։










