Պլասիդո Դոմինգոն կորոնավիրուսով վարակվելուց հետո պատմել է իր առողջական վիճակի մասին
Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն մեկնաբանել է իր առողջական վիճակը կորոնավիրուսով վարակվելուց հետո: Այս մասին հայտնի տենորը գրել է Facebook-ի իր էջում:
«Սիրելի ընկերներ, սոցիալական ցանցերում և մամուլում շատ խճճված և սխալ տեղեկություններ են տարածվում իմ առողջության ներկայիս վիճակի մասին: Ես տանն եմ, և ինձ հիանալի եմ զգում: Բարեբախտաբար, ամենաառաջին ախտանշանի ի հայտ գալուց հետո ես սովորականի պես արդեն բժիշկների հսկողության տակ էի՝ հաշվի առնելով տարիքս: Դրա շնորհիվ ինձ մոտ միանգամից կորոնավիրուս կասկածվեց, և դա ինձ շատ օգնեց: Հիմա ես հանգստանում եմ և շարունակում եմ թերապիան: Ես հիմա մտածում եմ այն մարդկանց մասին, որոնք տանջվում են, և բոլոր նրանց մասին, ովքեր աշխատում են կյանքեր փրկելու համար:
Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր ջերմության համար և ևս մեկ անգամ խորհուրդ եմ տալիս մնալ տանը` ապահով:
Կտեսնվենք շուտով: Պլասիդո»,-գրել է լեգենդար տենորը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, իսպանացի հայտնի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, որն ավելի վաղ տեղեկացրել էր նոր տեսակի կորոնավիրուսով ախտահարվելու մասին, մարտի 29-ին դուրս է գրվել Մեքսիկայի հիվանդանոցներից մեկից: Դոմինգոն մարտի 22-ին տեղեկացրել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Ավելի ուշ լրատվամիջոցները, հղում անելով երգչի ներկայացուցչին, տեղեկացրել էին, որ հիվանդության առաջացրած բարդությունների պատճառով 79-ամյա Դոմինգոն տեղափոխվել է Գերերո նահանգի խոշորագույն քաղաքի` Ակապուլկոյի մասնավոր հիվանդանոցներից մեկը:










