Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը երկար տարաձայնություններից հետո համաձայնության են եկել երեխաների տնային կրթության հարցում

12:46 • 09.04.20

Ամերիկյան հայտնի դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը մեծ աղմուկ հանած ամուսնալուծությանը հաջորդած երկար տարաձայնություններից հետո երեխաների խնամակալության հարցի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, գրում է Daily Mail պարբերականը։

Պարբերականի տեղեկություններով՝  56-ամյա Փիթը Լոս Անջելեսի շրջանային դատարան փաստաթղթեր է ներկայացրել՝ դատավորին հայտնելով, որ նախկին կնոջ հետ պայմանավորվածության է եկել երեխաների «կրթության և հեռակա աջակցության» վերաբերյալ։

Նշվում է, որ որոշումը վերաբերելու է 18 տարին չլրացած երեխաներին՝ 16-ամյա Փաքսին, 15-ամյա Զահարային, 15-ամյա Շիլոյին և 11-ամյա երկվորյակներ Նոքսիին և Վիվիենին։ Որոշումը կշրջանցի զույգի 18-ամյա որդուն՝ Մեդոքսին։

Զույգի միասին անցկացրած 14 տարվա ընթացքում ծնողները երեխաների համար տնային կրթություն են ապահովել, քանի որ ընտանիքը հաճախ է աշխարհի մի ծայրից մյուսը ճանապարհորդել։

Խոսելով երեխաների կրթության հարցի շուրջ՝ դեռևս 2017 թվականին Անջելինա Ջոլին նշել էր, որ իրենց՝ բազմամշակութային հիմքով երեխաների համար ավելի հարմար է տնային կրթություն ստանալ։

«Ես մտահոգվում եմ երեխաներիս կրթությամբ: Կիսով չափ տնային կրթություն եմ ապահովում նրանց համար, քանի որ նրանք աշխարհի տարբեր մասերից են»,- նշել է Ջոլին։

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը երկար տարաձայնություններից հետո համաձայնության են եկել երեխաների տնային կրթության հարցում