HBO Max հարթակը կգործարկվի առանց «Ընկերները» սերիալի դերասանների մասնակցությամբ հատուկ նախագծի. The Hollywood Reporter

13:14 • 11.04.20

HBO Max սթրիմինգային հարթակի գործարկումը տեղի կունենա առանց նոր նախագծի, որի շրջանակում պետք է վերամիավորվեր «Ընկերները» հայտնի սերիալի դերասանական կազմը․ դա կապված է կորոնավիրուսի համավարակի պատճառով նկարահանումների հետաձգման հետ: Այս մասին ուրբաթ հայտնել է The Hollywood Reporter պարբերականը՝ վկայակոչելով HBO Max-ի հայտարարությունը։

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նկարահանումները հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Սա նշանակում է, որ նոր նախագծի հատուկ թողարկումը հասանելի չի լինի հարթակի գործարկման առաջին օրը»,- ասված է հայտարարության մեջ:

Փետրվարի 22-ին հաղորդվել էր «Ընկերները» սերիալի կազմի վերամիավորման մասին՝ HBO Max-ի նոր նախագծում նկարահանվելու համար: Սերիալի շարունակության ռեժիսորն ու պրոդյուսերը կլինի Բեն Ուինսթոնը, որը կհամագործակցի օրիգինալ հեռուստաշոուի պրոդյուսերների հետ: Variety-ի աղբյուրի տվյալներով՝ բոլոր վեց հիմնական դերասաններն առնվազն 2,5-ական մլն դոլար կստանան նախագծին մասնակցելու համար:

Մանհեթենից վեց երիտասարդ ընկերների մասին պատմող հեռուստասերիալը ցուցադրվել է ավելի քան 54 երկրում։ NBC հեռուստաընկերության կողմից սերիալը հեռարձակվել է 1994 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի մայիս: Ընդհանուր առմամբ նկարահանվել է 236 դրվագ։

 

HBO Max հարթակը կգործարկվի առանց «Ընկերները» սերիալի դերասանների մասնակցությամբ հատուկ նախագծի. The Hollywood Reporter