Փարիզի Աստվածամոր տաճարում ողբերգական հրդեհից մեկ տարի անց. կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են տաճարի վերականգնման աշխատանքները (լուսանկարներ)
Ֆրանսիայի ամենահայտնի խորհրդանիշներից մեկում՝ Փարիզի Աստվածամոր տաճարում սոսկալի հրդեհից անցել է 1 տարի․ 2019 թվականի ապրիլի 15-ին 850-ամյա տաճարի ապագայով մտահոգված ամբողջ աշխարհը պահել էր իր շունչը, գրում է CNN-ը։
Հրդեհը, որը, ֆրանսիացի դատախազների կարծիքով, կարող էր առաջանալ ծխախոտի կամ էլեկտրականության անսարքության պատճառով, համախմբել էր ամբողջ աշխարհին, որն այդ օրերին նեցուկ կանգնեց Ֆրանսիային։ Սակայն կորոնավիրուսի համավարակի ֆոնին երկրի ուշադրությունն այժմ այլ խնդրի վրա է կենտրոնացած, գրում է աղբյուրը։
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքները դադարեցվել են մարտի 16-ից՝ Ֆրանսիայի՝ Covid-19-ի տարածման դեմ պայքարի լայնածավալ միջոցառումների սահմանման ֆոնին: Եվ չնայած արդեն իսկ իրականացված վերականգնողական աշխատանքներին՝ դեռ հստակ չէ՝ արդյոք հնարավոր կլինի ամբողջությամբ փրկել տաճարը, թե ոչ։
Նախագահ Էմանուել Մակրոնի վերակառուցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժան Լուի Ժորժելենը Ֆրանսիայի Սենատին հունվարի վերջին հայտարարել էր, որ դեռ շատ վաղ է ասել, թե հնարավոր է փրկել տաճարը:
Մինչդեռ ավերակների գնահատմամբ զբաղվող լաբորատորիայի տնօրեն Ալինա Մանյենը անցյալ ամիս լավատեսական տոն է հաղորդել խոսքին՝ Science ամսագրին տեղեկացնելով, որ «Փարիզի Աստվածամոր տաճարի սիրտը փրկվել է»։
«Աստվածամոր տաճարը կվերականգնվի։ Տաճարի արվեստի գործերը, քարերը, վիտրաժներն ավելի պայծառ ու գեղեցիկ կլինեն, քան նախկինում էին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել էր 2019 թվականի ապրիլի 15-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 18:50-ի սահմաններում: Հրդեհի հետևանքով փլվել են տաճարի սայրաձողը, փայտե կառույցները, տանիքը, տաճարը մեծապես տուժել է: Հրշեջներին հաջողվել է փրկել տաճարի հիմնական կառույցները: Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ մտադիր է 5 տարվա ընթացքում վերակառուցել շուրջ 850 տարվա հնության տաճարը:














