Ապրիլի 24-ին նշվում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 105-րդ տարելիցը. «Ոգեկոչում, արդարություն, հատուցում» արշավին միացել են իսպանացի սենատորն ու կոնգրեսականը
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչմանը միացել է Իսպանիայի Սենատի անդամ, Բալերայան կղզիները ներկայացնող գործիչ Վիսենս Վիդալ Մատասը:
Վերջինս թվիթերյան գրառում է կատարել՝ մեջբերելով Հիտլերի հանրահայտ խոսքը. «Ո՞վ է հիշում հայերին»:
«Ապրիլի 24-ին նշվում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության՝ Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը»,- իր թվիթերյան էջում գրել է իսպանիացի սենատորը՝ կից լուսանկար հրապարակելով «Հայոց ցեղասպանություն. ոգեկոչում, արդարություն, հատուցում» գրությամբ պաստառով:
Հայ ժողովրդին իր համերաշխությունն է հայտնել նաև Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն: «Այսօր Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է: Լրանում է ժամանակակից դարաշրջանի առաջին Ցեղասպանության 105-ամյա տարելիցը, որը հանգեցրել է ավելի քան միլիոն ու կես հայերի բնաջնջման: Իմ համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում հայ ժողովրդին այսօր»,- գրել է իսպանացի գործիչն իր թվիթերյան էջում՝ դարձյալ լուսանկար հրապարակելով փոխհատուցման պահանջով գրառմամբ:












