Խորհրդարանական երկրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաց էր իշխանության, փակ՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության համար
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, թեև կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում փակ էին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները, իշխանության ներկայացուցիչները կարողացան տեղում իրենց հարգանքի տուրքը մատուցել՝ այդ հնարավորությունը չտալով իրենց։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ընտրովի բաց էր այսօր։
«Այս իշխանությանը շատ հարցերում չեմ հասկանում։ Այսօրվա իրադարձություններն առավել քան ապշեցուցիչ են։ Ծիծեռնակաբերդ-հուշահամալիրը պարզվում է փակ չէր, այլ՝ ընտրովի բաց․
խորհրդարանական երկրում խորհրդարանական ընդդիմության համար էր փակ։ Անկեղծորեն չգիտեմ՝ ինչ ասել»,- գրել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ «Ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում» խորագրով տեսաուղերձ էին հրապարակել և ծաղիկներ խոնարհել Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու եղեռնի զոհերի հուշարձանին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի փակ լինելուն։
«Աշխարհասփյուռ հայությունն այսօր հիշատակում էր Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ստեղծված իրավիճակով պայմանավորված որոշում էր կայացվել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կարող են այցելել բացառապես բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները:
Իհարկե հասկանում եմ, որ անվտանգության նկատառումներով անհրաժեշտ էին նման սահմանափակումները, սակայն եթե խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում պատգամավորները զրկված էին հուշահամալիր բարձրանալու և 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունից, ապա ինչպես հասկանալ քաղաքապետ Մարությանի և մարզպետների մասնակցությամբ արդեն իսկ հայտնի տեսահոլովակի նկարահանումները:
Քաղաքապետի ու մարզպետների մասնակցությամբ կլիպ նկարահանելու թույլտվությանը զուգահեռ թերևս կարելի էր նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին էլ հնարավորություն ընձեռել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Թե չէ ստացվում է, որ անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելն էր այսօր ծանոթ-բարեկամով...»,- գրել է Տոնոյանը։
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ծաղկեպսակ խոնարհեցին Նուբարաշենի եկեղեցու բակում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի դիմաց։
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա կապակցությամբ ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի անդամները ծաղկեպսակ դրեցին Կոմիտասի անվան պանթեոնում Կոմիտասի շիրիմին և, ի դեմս նրա, խոնարհվեցին Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակի առջև:
Լրագրողների հետ զրույցում Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ քաղաքական կուսակցություններին այսօր պետք է հնարավորություն տային ծաղկեպսակ տեղադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. «Մենք այսօր այստեղ ենք, քանի որ այդ հնարավորությունից զրկված են քաղաքական կուսակցությունները, և միայն պետական պատվիրակություններին է այդ հնարավորությունը ընձեռվել։ Մենք գտնում ենք, որ արտակարգ դրության կարգը պահելով այսօր պետք էր քաղաքական կուսակցություններին այդ հնարավորությունը տրվեր։ Մենք ունեինք միջոցառումների ծրագիր։ Նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ավանդական «Ջահերով երթի» խորհուրդը պահելու իմաստով ուներ փոքր ծրագիր, դժբախտաբար պարետատնից արձագանքներ չեն եղել, փորձել ենք կապնվել, սակայն այդ հնարավորությունը չի եղել»։
ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Նեղ կուսակցականություն, թե՞ ազգային համերաշխություն» վերտառությամբ։
«Ծնողներս պատմում են, որ Սովետի թվին, երբ դեռ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցված չէր, Մեծ Եղեռնի օրն էլ դեռ չէր նշվում, ազգիս ազգայնական հատվածը, մտավորականությունն ու ըմբոստ ուսանողներն ապրիլի 24-ին այցելում էին Ազգային պանթեոն ու ծաղիկ դնում Կոմիտասի շիրիմին: Այսօր մենք էլ այցելեցինք Պանթեոն:
Իսկ ինչ վերաբերվում է Ծիծեռնակաբերդին..... Իշխանությունները պետք է վեր լինեն նեղ կուսակցական կապանքներից: Այսօր Հայոց Ցեղասպանության ոգեկոչման ու ազգային պահանջատրության օրը, ինչպես երբեք, կարևոր է ըմբռնել ազգային միասնության ու հանրային համերաշխության կարևորությունը: Միթե՞ դժվար համազգային կառույցների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների գոնե 1-2 ներկայացուցչի արտոնել բարձրանալ հուշահամալիր»,- գրել է Խաչատրյանը։
Վերոնշյալին անդրադարձել է նաև Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը․ «Չգիտես ինչու՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, բացի իշխանական պատվիրակություններից, մյուս քաղաքական ուժերին (խորհրդարանական և ոչխորհրդարանական կուսակցություններին) արգելվեց այցելել և իրենց հարգանքի տուրքը մատուցել գոնե փոքրիկ՝ 3-5 հոգանոց պատվիրակություններով։
Հահասկանալի է, որ երեք միլիոն վարչապետերի զանգվածային այցելությունները ճիշտ չէին։ Մտածել, թե իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ, ինքնազոհաբերման էին գնացել՝ վտանգելով միայն իրենց և հոգևոր դասի ներկայացուցիչների առողջությունը, համոզիչ չէ, քանզի, եթե նման վտանգ լիներ, միայն կաթողիկոսին և մի քանի եպիսկոպոսների թույլ կտային։
Մյուս կողմից՝ նման պատվիրակություններ եղան, օրինակ՝ ՀՅԴ-ն, որ այցելեցին Պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելով Կոմիտասի շիրիմին։ ԲՀԿ-ն բավականին մեծ խմբով ծաղկեպսակներ խոնարհեց Նուբարաշենի եկեղեցու բակում տեղադրված Խաչքարին, որը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին և այլն
Այսինքն՝ պետք է ենթադրել, որ գնալ կարելի էր, բայց ոչ Ծիծեռնակաբերդ։ Հարց՝ ինչու՞․․․»,- գրել է Ալվրցյանը։
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալ են փորձել նաև մի շարք քաղաքացիներ, որոնց ոստիկանությունը թույլ չի տվել, արդյունքում գրանցվել են միջադեպեր։ Միջադեպ է գրանցվել մասնավորապես Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի մասնակցությամբ, երբ վերջինս մի շարք այլ քաղաքացիների հետ պահանջում էր, որպեսզի իրենց թույլ տան այցելել հուշահամալիր: Սակայն ոստիկանության աշխատակիցները նրանց թույլ չէին տալիս` հիշեցնելով, որ պարետի կողմից գոյություն ունի համապատասխան հրահանգ: Ակցիայի մասնակիցներն իրենց բերած ծաղիկները խոնարհեցին աստիճանների վրա:
Համացանցում էլ հայտնվել է հուշահամալիր բարձրանալու ցանկություն հայտնող պապիկի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ վերջինս նշում է, որ չի իմացել համապատասխան որոշման մասին և ցանկանում է անպայմանորեն բարձրանալ հուշահամալիր։
Վերոնշյալի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը գրել է, որ պապիկին Ծիծեռնակաբերդ բարձրանալ արգելելը շատերիս է ցավ պատճառել և որ այս դեպքը փայլուն ցուցիչ է, որ շատ դեպքերում մեզանում գերիշխում է «սխալ իրավաբանություն»։
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ընտրյալների այցելության վայր դարձնելն անթույլատրելի է։
«Եթե չի կարելի, ուրեմն չի կարելի բոլորին։ Իրենց սոցիալական և քաղաքական արտոնյալ կարգավիճակն ընդգծող և միլիոնավոր մեր քաղաքացիների նկատմամբ իրենց դոմինանտությունը հաստատող այրերը մեծագույն սխալ գործեցին։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն այդ տեղը չէր, իսկ Ապրիլի 24-ը այդ օրը չէր»,- գրել է Ղազինյանը։










