Բրիտանական տաճարում հայտնվել է «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարի կրկնօրինակը՝ սևամորթ Քրիստոսի կերպարով (լուսանկար)

20:51 • 30.06.20

Բրիտանական Հարթֆորդշիր կոմսությունում Սուրբ Օլբանս տաճարի խորանում սևամորթ Քրիստոսի կերպարով նկար է հայտնվել, որը Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» հանրահայտ որմնանկարի նմանակումն է:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նախաձեռնության հեղինակները համերաշխություն են հայտնում ողջ աշխարհում տարածում գտած Black Lives Matter («Սևամորթների կյանքը նշանակություն ունի») շարժմանը: Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուեբլին ավելի վաղ առաջարկել էր Անգլիական եկեղեցուն վերանայել Քրիստոսի կերպարը որպես սպիտակամորթի:

Եկեղեցու վերակացուն համաձայնել է տեղադրել նկարը խորանում Անգլիկան եկեղեցու (բողոքական եկեղեցիներից մեկը) ղեկավարի կողմից հնչած կոչից հետո:

Նշվում է, որ նկարը 2009 թվականին ստեղծել է նկարչուհի Լորնա Մեյ Ուոդսվորթը: Քրիստոսին նա պատկերել է ճամայկացի սևամորթ բնորդի կերպարից:

Հիշեցնենք, որ Black Lives Matter շարժումը մեծ թափ է ստացել ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Ամերիկացիները, ինչպես նաև այլ երկրների բնակիչներ, մայիսի 25-ից ի վեր շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ ընդդեմ ռասսայական խտրականության և ոստիկանական բռնության: