Հարվի Վայնշտեյնի դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանք ներկայացրած կանայք 19 միլիոն դոլար փոխհատուցում կստանան

13:10 • 01.07.20

Հոլիվուդյան հայտնի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ աշխատանքի ընթացքում ցուցաբերած խտրականության և սեռական ոտնձգությունների համար մեղադրանք ներկայացրած կանայք ընդհանուր 19 միլիոն դոլար փոխհատուցում կստանան, այս մասին թվիթերյան իր օգտահաշվում հայտնել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը։

Բացի այդ, պրոդյուսերի զոհերը, որոնք ստիպողաբար գաղտնիության պահպանման մասին փաստաթուղթ են ստորագրել, կազատվեն դրանում նշված պայմաններից և կկարողանան պատմել իրենց պատմությունը։

«Բոլոր հետապնդումներից, սպառնալիքներից և խտրականությունից հետո նրանք վերջապես արդարության նմանվող ինչ-որ բան են ստանում»,- նշել է Ջեյսմը։  

 

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Վայնշտեյնին 23 տարվա ազատազրկման են դատապարտել։ Փետրվարին երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել բռնաբարության համար։ Վայնշտեյնն, իր հերթին, հրաժարվել է ընդունել իր մեղքը՝ պնդելով, որ ամեն բան երկկողմ համաձայնությամբ է տեղի ունեցել։ Վայնշտեյնի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը, բողոքարկումը կներկայացվի հուլիսին:

Պրոդյուսերի դեմ մեղադրանքներ առաջին անգամ ներկայացվել են 2017 թվականի վերջին The New York Times-ի էջերում։ Հրատարակությունը շատ երիտասարդ դերասանուհիների և պրոդյուսերին ենթական անձանց մասին է գրել, որոնք 30 տարվա ընթացքում պարբերաբար տուժել են նրա գործողություններից։ Ավելի ուշ Վայնշտեյնի հետ իրենց հարաբերությունների մասին է պատմել ավելի քան 80 կին, այդ թվում՝ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Սալմա Հայեկը։ Մայիսի 29-ին նրան արդեն մեղադրել են անչափահասի և ևս երեք զոհի բռնաբարության համար։

 

Հարվի Վայնշտեյնի դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանք ներկայացրած կանայք 19 միլիոն դոլար փոխհատուցում կստանան