Ինձ տանջում է մշակույթի գծով մեր երկու փոխնախարարների՝ գրականության հանդեպ բացարձակ անտարբերությունը. Արքմենիկ Նիկողոսյան

14:42 • 02.07.20

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ կասեցվել է Հայ գրականությունը թարգմանություններում դրամաշնորհային ծրագիրը: Այսօր «Ավելորդը» թեմայով հեռավար քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարության գրահարատարակչության ոլորտի մասնագետ Արմեն Սարգսյանը նշեց, որ քննարկումների արդյունքում բոլոր ոլորտներից եղել են կրճատումներ և գումարները ուղղվել են Կառավարության պահուստային ֆոնդին: Այդ կրճատումներին անմասն չի մնացել նաև Հայ գրականությունը թարգմանություններում դրամաշնորհային ծրագիրը. 

«Դա սարսափելի լուր չէ, նախարարությունն ուղարկելու է 2020թ. բյուջետային հայտը, որը քննարկվելու է Կառավարությունում և ԱԺ ում, որից  հետո կարող ենք լիահույս լինել, որ ծրագիրն ընդգրկվելու է 2021թ. բյուջեի մասին օրենքում»: 

«Արի» գրական գործակալության հիմնդիր տնօրեն, գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը նշեց, որ այդ ծրագրի համար արդեն 10 տարի պայքարում են, որպեսզի գրականությունն առաջխաղացում ունենա: Եվ միայն երեք տարի առաջ է սկսվել հայ գարականությունը թարգմանություններում ծրագիրն իրականացվել.

«Կարևոր է, որ պետության հետ երկխոսություն լինի, սակայն, կարծես թե, այդ քայլերը չենք տեսնում: Մենք՝ դաշտի խաղացողներս՝ հարատակիչ, հեղինակ, գործկալ և պետությունը, որը պետք է ապահովվեր, որ խոսեինք իրար հետ, մենք գրում ենք նամակներ, որի համար ստանդարտ պատասխան ենք ստանում: Մենք ուզում ենք զրուցել այն մարդկանց հետ, ովքեր որոշում են կայացնում, և ես վստահ եմ, որ այդ մարդիկ՝ վարչապետ, նախարար, նույնիսկ այս ծրագրի մասին տեղյակ չեն: Մեզ պատասխանում են մարդիկ, որոնք փոխնախարար են, մենք վարչապետին ենք գրել և նամակն ուղարկվում է ԿԳՄՍ նախարարություն և նորից փոխնախարարն է մեզ պատասխանում»:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ևս նշեց, որ խնդրին վերին մարմիններում տեղյակ չեն, չնայած որ գրել է ԿԳՄՍ նախարարին և պատրաստվում է գրել վարչապետին.

«Ինձ ավելի շատ տանջում է մշակույթի գծով մեր երկու փոխնախարարների՝ գրականության հանդեպ բացարձակ անտարբերությունը: Այն ինչ անում է Նարինե Խաչատուրյան փոխնախարարը, որը համակարգում է նաև գրականության ոլորտը՝ ուղղակի անգործություն է: Չեք տեսնի իր ոլորտում իր կողմից որևէ մեկնաբանություն՝ բարձրացված խնդիրների վերաբերյալ»:

Նա նշեց՝ այն ծրագրերը, որոնք ներկայացվում են ՀՀ կառավարություն և հիմնավորվում են՝ ֆինանսներ գտնվում են, սակայն ամաչում է, որ ԿԳՄՍՆ-ում այդքան փոխնախարարների մեջ չկա այնպիսի մարդ, որ հիմնավորի այսպիսի ծրագրերի կարևորությունը, և եթե հիմնավորվեր դրամաշնորհային ծրագրի կարևորությունը, ապա Կառավարությունը չէր մերժի:

Արևիկ Աշխարոյանը նշեց, որ Նարինե Խաչատուրյանի հետ վերջին հանդիպման ժամանակ խոսել են, թե որքան կարևոր է թարգմանիչների հարցը: Նարինե Խաչատուրյանը, կարևորելով ծրագիրը, խրախուսել է՝ դիմել այդ ծրագրի համար: Իրենք ներկայացրել են ծրագիրը, սակայն այն մերժվել է:

«Մեր ծրագիրը մերժվեց, մեզ պատասխան եկավ, որ մասնագիտական խորհուրդը հավանության չի արժանացրել ծրագիրը, դա վերջին կաթիլն էր իմ ցանկության՝ աշխատել նախարարության, մասնավորապես, Նարինե Խաչատուրյանի հետ: Եվ ես մտածում եմ՝ միգուցե նախարարը, վարչապետը տեղյակ չեն, եկե՛ք, այդ հարցերը բարձրացնենք»:

Արևիկ Աշխարոյանն ավելացրեց, որ ցանկանում է հասկանալ, թե ով է մերժել հայտը ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյան, որը Պուլիցերյան մրցանակ է ստացել. «Վերջին 70 տարում երկրորդ հայ գրողն է Վիլյամ Սարոյանից հետո, որ նման մրցանակ է ստացել: Ինչպես վստահենք նման ընտրական կոմիտեներին, որոնք մերժում են այդ ծրագիրը: Մեզ տարիներ են պետք, որ ընտրական կոմիտեների հանդեպ ունենանք վստահություն»,-ավելացրեց նա: