Հանրությունը առանց մշակույթի պարզունակ է դառնում, ավելի շատ զբաղվում է քաղաքականությամբ. Ռուբեն Բաբայանը՝ թատրոնները վերաբացելու անհրաժեշտության մասին
Հանրությունը առանց մշակույթի պարզունակ է դառնում, բթանում է, ավելի շատ զբաղվում է քաղաքականությամբ, ինչը կարծում եմ այդքան էլ ճիշտ չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
«Ես կարծում եմ, որ այն որոշակի ագրեսիվությունը, որոշակի սթրեսը, որն ապրում է մեր հանրությունը ևս գալիս է մշակույթի պակասից: Պետության դերակատարումը նույնիսկ ոչ այդքան ֆինանսավորման մեջ է, որքանով մշակույթի կիրառական իմաստը հասկանալու․ թե ինչ է մշակույթը և ինչու է այն մեզ պետք, ինչ կարևոր դերակատարում ունի հանրությունը ավելի քաղաքակիրթ դառնալու, հանրության արժեքային համակարգ ձևավորելու տեսանկյունից»,-ասաց նա և նշեց, որ մշակույթը կարող է մարդուն դարձնել հանդուրժող բարի, քանի որ մշակույթը իր բնույթով մարդակենտրոն է, և մշակույթի ամենամեծ արժեքը մարդն է:
«Ամենահեշտ բանը մարդուն դատապարտելն է, փնովելը, վիրավորելը, իսկ մարդուն հասկանալը, մարդու հետ լեզու հետ գտնելը, մարդկային վերաբերմունք դրսևորելը բարդ արվեստ է, և դա մարդուն սովորեցնում է առաջին հերթին մշակույթը»,-ասաց նա:
Խոսելով թատրոնների վերաբացման անհրաժեշտության մասին՝ Ռուբեն Բաբայանը նշեց, որ շատ հադիսականներ, դերասաններ, ռեժիսորներ դիմել են վերաբացելու մշակութային օջախները և դա կարևորություն է հանրության համար: Ըստ նրա՝ կարող ենք այսօրվանից պարզապես քարտեզ գծել, թե երբ, ինչպես սկսենք վերաբացել թատրոնները: Նա նկատեց, որ Եվրոպական երկրներում վերաբացվում են թատրոնները, թեև վարակի վտանգը այնտեղ ևս կա:
«Եթե մենք վերաբացելու խնդիրը դնում ենք, կարող ենք դա անել սեպտեմբերին, և այսօրվանից անել քայլեր: Գուցե փոքր քանակի համար սկզբում բացել թատրոնները, որտեղ սոցիալական վտանգները հաշվի առնվեն, դա կարող է վերաբերել նաև թանգարաններին: Համավարակը ուշ թե շուտ կավարտվի, համավարակի արդյունքում և մշակույթից շատ երկար ժամանակ կտրված լինելու պարագայում ունեցած սթրեսային վիճակի հաղթահարման համար լուրջ մեթոդներ, մեխանիզմներ են անհրաժեշտ»,-ասաց նա և նշեց, որ մարդկային շփումը հնարավոր չէ փոխարինել օնլայն հաղորդումներով, առանց մշակույթի:
Ինչ վերաբերում է մշակույթի նախարարության՝ որպես կառույց ունենալուն, Ռուբեն Բաբայանն ասաց, որ ոչ մի որոշում չի կարելի համարել վերջնական: Նա նշեց, որ կոնկրետ ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանը բանիմաց մարդ է և ներսից է դուրս եկել, բայց, գուցե, եկել է ժամանակը, որ առանձին մշակույթի նախարարություն ունենանք: «Շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ մշակույթը ստորադասվում է: Ես չեմ կարծում, որ դա հատուկ է արվում, սակայն գուցե այսօր հասունացել է այն հարցը, որ ունենանք առանձին նախարարություն»,-ասաց նա:
Անդրադառնալով Մհեր Մկրտչյանի 90 ամյակին՝ Ռուբեն Բաբայանն ասաց, որ նման մարդիկ ծնվում են 100-200 տարին մեկ անգամ: «Բացարձակ տաղանդ, որը տրվում է անկախ ամեն ինչից: Այսքան տարի է անցել, բայց միևնույնն է նա մնում է սիրված դերասան, միգուցե ամենասիրված դերասանը: Միգուցե իր ամենաունիկալ հատկությունն այն է, որ նա տրագիկոմիկական հերոս էր, նրա ամենակոմիկական դերերում միշտ կար ողբերգություն իր հանճարեղ հայացքի մեջ, և երևի թե նրանով է հարազատ, որ յուրաքանչյուրս մեր մեջ՝ ամենախորքում այդպիսինն ենք, մեր մեջ կա և՛ ողբերգականը, և՛ կոմիկականը, և հնարավոր չէ անջատել իրարից»,-ասաց նա և նկատեց, որ Մհեր Մկրտչյանի հատկություններից էր նաև իմպրովիզացիան և նրա տեսարանները չէին կրկնվում, նույն տեսարանը նույն կերպ չէր խաղում:
Նա նկատեց, որ Մհեր Մկրտչյանը նաև Սովետական Միությունում ամենասիրված ֆերասաններից մեկն էր, և կարողանում էր նույնիսկ ոչ գլխավոր դերակատարումը դարձնել հիշվող, ճանաչելի:










