«Թուրքիան ցանկանում է մեզ միջնադար վերադարձնել». Կոնստանտին Զատուլինն Էրդողանի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ցանկության մասին

18:02 • 06.07.20

Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելը նման է թուրքական իշխանությունների կողմից աշխարհը միջնադար վերադարձնելու փորձի: Այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ակնհայտ է մի հավատացյալների (մուսուլմանների) ոգին մյուս հավատացյալների (քրիստոնյաների) ոգու նկատմամբ բարձրացնելու անպետք փորձը, կրկին պատմելը հազարամյա բյուզանդական քաղաքակրթության քանդման սարսափը, որի ճարտարապետական գլուխգործոցն այնուհետև օգտագործվել է հարյուրամյակներ ՝ որպես իր ստեղծողների նկատմամբ տարած հաղթանակի ապացույց: Քեմալ Աթաթուրքի Թուրքիան, որին Խորհրդային Ռուսաստանը օգնել է ոտքի կանգնել, հնարավոր է համարել թերթել անցյալի արյունալի էջը`  համենայնդեպս Սուրբ Սոֆիայի տաճարի մասով: Այնպիսի տպավորություն է, որ այսօրվա Թուրքիայի իշխանությունները փորձում են մեզ միջնադար վերադարձնել»,-ասել է ռուս պատգամավորը:

Խորհրդարանականը ընդգծել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը, նույնիսկ թանգարանի կարգավիճակով մնում է Ուղղափառ աշխարհի մեծագույն սրբությունը, այն առանձնահատուկ թանկ է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և ԱՊՀ այլ երկրների համար, քանի որ այստեղ է կնքվել իշխանուհի Օլգան:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հանձնարարել էր իր օգնականներին ուսումնասիրել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության և այն թանգարանից մզկիթի վերածելու հավանականությունը:

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշարձան է: Այն կառուցվել է 532-537 թվականներին Հուստինիանոս կայսեր հրահանգով, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը: 1985 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում: