Ֆրանսիայում նախատեսվում է ջրի վրա «կինոթատրոն» բացել

14:44 • 10.07.20

Ֆրանսիայում Սեն գետի վրա բացվելու է ինքնատիպ կինոթատրոն, որի այցելուները կկարողանան  ֆիլմերը դիտել հարմարավետ նավակներում նստած՝ պահպանելով սոցիալական հեռավորություն:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, ջրի վրա ստեղծվելիք կինոթատրոնը գործելու է ընդամենը մեկ օր: Այն իրականացվելու է Paris-Plages (Փարիզյան լողափեր) ծրագրի շրջանակում, որի ընթացքում ամեն տարի Սեն գետի քաղաքային տարածքում արհեստական լողափեր են ստեղծվում և մարդիկ կարողանում են իրենց ամառային հանգիստն այնտեղ անցկացնել։

Հայտնի է, որ կինոթատրոնի համար, ընդհանուր առմամբ, օգտագործվելու է 38 փոքր նավակ, որոնք երկու, չորս և վեց տեղանոց տարբերակներ են ունենալու։ Բացի այդ, ևս 150 հանդիսական կկարողանա ֆիլմերը դիտել՝ ափին նստած:

Միջոցառման ընթացքում կցուցադրվեն Ժիլ Լելուշի 2018 թվականի բլոկբաստերային  «Անխորտակելիները» և համավարակի մասին «Կորոնապատմություն» ֆիլմերը։

Հայտնի է, որ բացառիկ այս «միջոցառումը» նախատեսվում է անցկացնել հուլիսի 18-ին։