ԲՀԿ խմբակցության պատգամավորների այս ամսվա աշխատավարձը կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին. դիմումը ներկայացվել է ԱԺ աշխատակազմին
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի մեր խմբակցության բոլոր պատգամավորների այս ամսվա աշխատավարձը փոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Հայաստանի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, միայն միասնաբար՝ մեկ բռունցք դարձած մենք կարող ենք հաղթել թշնամուն և այս գործընթացում կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը: Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի ժողովուրդներին և հայոց բանակին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։











