Ֆրեզնոյում հայերը շարունակում են հակաադրբեջանական ցույցեր անցկացրել․ այսօր ի նշան Հայաստանի հետ համերաշխության քաղաքապետի մասնակցությամբ միջոցառումներ են նախատեսված (տեսանյութ)
Ադրբեջանը, անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հրադադարի կոչերը, Լեռնային Ղարաբաղում շարունակում է Թուրքիայի աջակցությամբ պատերազմ վարել Հայաստանի դեմ։
Ինչպես նշում է yourcentralvalley.com-ը, արդեն երրորդ գիշերն անընդմեջ ԱՄՆ-ում բնակվող հայերը դուրս են գալիս փողոցներ՝ աղոթելով խաղաղության համար և կոչ անելով զսպիչ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։
Երեկ երեկոյան Կալիֆոռնի նահանգի Ֆրեզնո քաղաքում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել, որը սկսվել է Սուրբ Պողոս հայկական եկեղեցում։ Ներկաներն աղոթել են սահմանը պաշտպանող հայ զինվորների համար, ապա կարդացել հայրենիքի պաշտպանության համար ընկած զինվորների անունները։
«Մենք մեր ձայնը բարձրացնում ենք և աշխարհին ցույց ենք տալիս, որ տեղի ունեցողը սխալ է, և արդարություն ենք պահանջում։ Մենք հրադադար ենք ցանկանում, որպեսզի կարողանանք խաղաղության մեջ ապրել»,- ասել է եկեղեցու Սրբազան Հայր Եսայի Պետրոսը։
Այնուհետև հարյուրավոր մարդիկ հավաքվել են Բլեքսթոուն և Նիս փողոցների խաչմերուկում՝ ծածանելով հայկական դրոշներ և պաստառներ։
Նշվում է, որ այսօր Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդը և քաղաքային խորհրդի նախագահ Միգել Արիասը կանցկացնեն դրոշի բարձրացման մասնավոր արարողություն և լռության րոպե՝ ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










