Ուսումնասիրվում են Ստեփանակերտի բոլոր ավերածությունները, որոշվում է վնասի չափը. այս պահին քաղաքի ենթակառուցվածքները գործում են անխափան. Ստեփանակերտի փոխքաղաքապետ
Ուսումնասիրվում են Ստեփանակերտի բոլոր ավերածությունները, որոշվում է կրած վնասի աստիճանը: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիսին հայտարարեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:
«Այսօր Ստեփանակերում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով: Եթե որևէ ենթակառուցվածք խափանվում է, մասնագետները տեղում փորձում են վերացնել բոլոր վնասները և ապահովել քաղաքի բնականոն կյանքը»,- ասաց նա:
Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ գազանջատում է իրականացվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ջրամատակարարումն ապահովվում է շուրջօրյա և չի խափանվել, էլեկտրականության խնդիր ևս չկա. առավելագույնը 2-3 օր է խնդիր եղել, որը գրեթե ամբողջովին կարգավորվել է:
Թամրազյանի տեղեկացմամբ՝ քաղաքապետարանի կողմից հայտարարված թեժ գծեր կան, որոնց միջոցով բնակիչները տեղեկացնում են առկա խնդիրների մասին, աշխատում են թե՛ քաղաքի ավագանու անդամները, թե՛ կամավորական խմբեր:
Նրա խոսքով՝ կան ապաստարաններ, որոնք կահավորված են եղել, Ստեփանակերտի բնակչության 50-60 տոկոսը քաղաքում է, մեկնել են միայն նրանք, ովքեր խնամքի կարիք ունեն՝ երեխաներ, ծերեր:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրթիռակոծվում են նաև Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










