Կրեմլը մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտի Սիրիայից վարձկանների տեղափոխման լուրը

15:39 • 07.10.20

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների տեղակայումը Ռուսաստանի համար խորը  մտահոգության առիթ է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Այս օրերին հակամարտության թեժ գոտում զինյալների գտնվելը մեծ վտանգ է ներկայացնում և խորը մտահոգության պատճառ է հանդիսանում Ռուսաստանի համար»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն իրականացնել, այնպես ինչպես Սիրիայում:

Պեսկովը նշել է նաև, որ որևէ տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից զինյալներին հակազդելու հնարավոր միջոցառումների մասին:

«Այս պահին տեղյակ չեմ այդ մասին»,- նշել է նա՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Ռուսաստանի մտահոգությունը կարող է գրոհայիններին հակազդող որևէ կոնկրետ միջոցներով արտահայտվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, և Դամասկոսը կարող է դա հաստատել:

Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նույնպես հայտարարել է, որ առկա տեղեկությունների համաձայն՝ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանները տեղափոխվում են ԼՂ հակամարտության գոտի, և խոսքը գնում է հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։