Ալիևը միտումնավոր չի գնում նույնիսկ հումանիտար դադարի՝ հասկանալով, որ դա խուճապ կառաջացնի Ադրբեջանում և ճակատագրական կլինի իր համար. Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)

14:47 • 07.10.20

Դատելով միջազգային արձագանքներից՝ ընդհանուր առմամբ միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա գնալով մեծանում է․ Եվրոպայի խորհրդարանն էր քննարկում ղարաբաղյան հարցը և հնչեցին քննադատական բազմաթիվ ելույթներ ադրբեջանական ագրեսիայի, թուրքական ներգրավվածության, ահաբեկիչների հետ կապված, միևնույն ժամանակ ՌԴ նախագահը, նաև իրանական կողմը հերթական անգամ շեշտեցին իրավիճակի անթույլատրելիությունը, այսինքն՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Նա նշեց, որ չնայած այս ամենին՝ այդուհանդերձ Բաքուն հայտարարում է, որ չի կանգնելու և շարունակելու է ռազմական գործողությունները:

«Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում Բաքվում, պետք է հասկանանք այն, ինչ ներկայացնում է ադրբեջանական քարոզչամեքենայի արդեն 11 օր շարունակ, ստեղծել է անելանելի իրավիճակ Ալիևի համար: Եթե չեմ սխալվում Ադրբեջանի խորհրդարանը երեկ քննարկում էր Մատաղիսի վերանվանման հարցը, մինչդեռ հստակ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում ադրբեջանական ուժերի հետ Մատաղիսում: Այսինքն՝ ապրում են զուգահեռ երևակայական աշխարհում: Եթե այսօր իրենք լսեն այդ կոչերը, դադարեցնեն հրադադարը, համաձայնեն հետ վերցնել իրենց դիակները, դա հսկայական խուճապ է առաջացնելու Ադրբեջանում և կարող է դառնալ ճակատագրական Իլհամ Ալիևի համար»,- ասաց Հայրապետյանը:

Պատգամավորի կարծիքով՝ Ալիևը միտումնավոր չի գնում նույնիսկ հումանիտար դադարի՝ դիակները հետ վերցնելու համար, շատ լավ հասկանալով, թե ինչ է սպասվում իրեն դրանից հետո: «Ես նման բան աշխարհում չեմ հանդիպել, ինչքան չպետք է հարգես սեփական ժողովրդիդ, որ օր թաքցնես, թե ինչ է կատարվում ռազմաճակատում, ինչ կորուստներ դու ունես և չհրապարակես որևէ անուն»,- նկատեց պատգամավորը:

Անդրադառնալով Արցախում խաղաղապահների տեղակայման թեզին՝ Հայրապետյանն ասաց, որ այն նոր չէ, շրջանառվում է 90-ականներից և տարբեր փուլերում քննարկվում է։ Պատգամավորը հավելեց, որ վարչապետն արտահայտել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ, դրան հավելելու բան չունի:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հարցազրույցին՝ նա ասաց, որ հստակ մեսիջ է նկատել, որ Ադրբեջանը պետք է օր առաջ դադարեցնի ռազմական գործողությունները և Ադրբեջանի «կապրիզները» իբրև հայկական զորքերը պետք է դուրս գան այդ տարածքներից որևէ մեկի համար ո՛չ ընդունելի է, ո՛չ ընկալելի, այս փուլում մի բան է ընկալելի՝ պետք է լինի հրադադար և պետք է լինի կառուցողական քննարկում այս, գործելաոճով Ադրբեջանը ոչ մի լավ բանի չի հասնի:

Մանրամասները՝ տեսանյութում: