Սա կապահովի ներքին կայունությունը մեր երկրում, որն էլ մեզ մոտեցնելու է վերջնական հաղթանակին. Անդրանիկ Քոչարյանը՝ ռազմական դրության ռեժիմի սահմանափակումների խախտման դեպքում տույժերի մասին (տեսանյութ)
Սա բացառիկ պահ է, շատ ճիշտ ենք անում, որ այս օրենքը բերում ենք և պետք է սրանով նաև այն բոլոր խարդավանքների դեմն առնենք, որոնք այսօր էլ շարունակվում են տարբեր լրատվամիջոցների կողմից: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթին, որով առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար:
«Սա ռազմական ռեժիմի գործիքակազմի անհրաժեշտ մաս է, և կարծում եմ՝ կապահովի ներքին կայունությունը մեր երկրում: Ներքին կայունությունն է, որը մեզ մոտեցնելու է վերջնական հաղթանակին»,-ասաց պատգամավորը:
Նա ընդգծեց՝ ՀՀ-ն գտնվում է իրավական առումով ամենախիստ ռեժիմի պայմաններում: «ՀՀ-ն երբեք պատերազմի որևէ փուլում ռազմական դրություն չի հայտարարել և մոբիլիզացիա չի իրականացրել այդ դրության պահանջներով: Սա առաջին անգամ է: Այս փաթեթը ճիշտ է այն առումով, որը կկանխի անկումային տրամադրությունները: Այն միասնությունը, որը հայտարարված է մեր հասարակության մեջ, ամբողջական չէ, բայց մեծամասամբ մեր հասարակությունը կիսում է այս ռեժիմի, պատերազմի բոլոր դժվարությունները»,-նկատեց Քոչարյանը:
Վերջինիս խոսքով՝ պատերազմի ժամանակ հակառակորդն օգտագործում է բոլոր հնարքները, ներքին թշնամիներ է գտնում, որովհետև հասարակությունը ամբողջական միասնականության մեջ չէ. «Գործակալ կոչվածը հիվանդ մարդ է: Իրենք էլ ունեն իրենց գործակալները: Ես չեմ ուզում բոլորին գործակալների տրամաբանության մեջ տեսնել, բայց կան մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ հնչեցնում են տեսակետներ, որոնք վնասում են այսօրվա մեր հաղթակաների վերջնական կերտման գործին»,-ասաց նա:
Քոչարյանը հիշեցրեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ ամիսներ առաջ արած հայտարարությունը, թե եթե ինքը լիներ Ադրբեջանի նախագահի տեղում, կհարձակվեր ՀՀ-ի վրա: «Հիմա շատերն արդարացի ասում են, որ նման բան է ասել, դրա տակից դուրս գալու՞ է, թե՞ չէ»,-ասաց նա՝ հավելելով նաև, թե այժմ էլ կան մարդիկ, որոնք ԱՄՆ-ից իրենց հրապարակումներով այստեղ անկումային տրամադրություններ են ստեղծում:
Այսպիսով` վարչական պատասխանատվության միջոցներ են սահմանվել ազատ տեղաշարժվելու իրավունքի, ֆինանսատնտեսական գործունեության, ապրանքների շրջանառության, պարետային ժամի, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները խախտելու դեպքում, անհետաձգելի աշխատանքներին ներգրավվելուց կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելու դեպքում, ռազմական դրության ժամանակ գործադուլներ, հավաքներ կազմակերպելու, մասնակցելու և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելու համար և մի շարք այլ դեպքերում: Առավել մեծ տույժ է նախատեսվում նշված խախտումներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու համար:










