«Մենք կհաղթենք մեր մշակույթով»․ Սերժ Թանկյանը՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման մասին

22:57 • 09.10.20

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ով ակտիվորեն հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող հակամարտություններին, Twitter-ում դատապարտել է Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի գնդակոծությունը։

«Ես այնտեղ եմ եղել 2017-ին։ Մենք կհաղթենք մեր մշակույթով»,- գրել է Թանկյանը։

Երաժիշտը նաև վերահրապարակել է ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի գնդակոծության վերաբերյալ գրառումը, որտեղ ասվում է․ «Ահա նրանք կրկին ոչնչացնում են մեր եկեղեցիները։ Սա ռազմական օբյեկտների վրա հարձակում չէ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։