Մենք հավատարիմ ենք ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և պատրաստ ենք վերականգնել խաղաղ գործընթացը. Նիկոլ Փաշինյանը` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում
Մեր ազգը կանգնած է լուրջ խնդրի առջև, մեր քաղաքներն ու գյուղերը գտնվում են ամբողջությամբ հրթիռների կրակահերթի տակ: Երևանում մեկնարկած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով բաց նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առջև: Մեր դեմ եղած ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն ադրբեջանական զինուժը` թուրք զինվորականների հետ, այլ նաև` մասնակցում են Թուրքիայում պատրաստված Սիրիայի վարձկաններ ու զինվորականներ: Այդ փաստը հաստատվել է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների ղեկավարների կողմից, այնպես էլ բազմաթիվ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներով հրապարակումներով»,- ասաց նա` նշելով, որ Թուրքիայի գործողությունները սպառնում էն ապակայունացնել իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև` ամբողջ աշխարհում:
Նրա խոսքով` չնայած բոլոր ջանքերին` մեր հակառակորդին չի հաջողվում հասնել որևէ շոշափելի արդյունքների: «Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և պատրաստ ենք վերականգնել խաղաղ գործընթացը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կոչերին համապատասխան»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության կարևորության հարցին` նշելով, որ միությունում մեր ինտեգրումը առաջնահերթ հարց է ՀՀ կառավարության համար: «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը գործադրել մեր կողմից որդեգրած նպատակներին հասնելու համար` չնայած եղած բոլոր մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է մեր երկիրը»,- ասաց նա:
Նրա խոսքով` այսօր բոլորի համար պետք է որ կարևոր լինի սանիտարահիգիենիկ իրավիճակը անդամ երկրներում` կապված COVID-19-ի տարածման հետ:
«Կարևոր է ուղևորափոխադրումների իրականացման հարցը: Փակ սահմանները բացասաբար են անդրադառնում ինչպես ինտեգրացիոն պրոցեսների, այնպես էլ մեր տնտեսությունների վրա: Այս համատեքստում մեծ կարևորություն ենք տալիս էլեկտրոնային առևտրին, որը համարվում է կարևոր կոմպոնենտ թվանշային տնտեսությունում»,- ասաց նա` նշելով, որ ՀՀ-ը փորձում է ներգրավել միջազգային կազմակերպություններին այս ոլորտում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հռիփսիմե Հովհաննիսյան










