Ինչու է Իսրայելը զինում Ադրբեջանին. ռազմական փորձագետ Յակով Քեդմին ներկայացրել է 2 հիմնական դրդապատճառ
Իսրայելցի քաղաքական գործիչ, ռազմական փորձագետ, «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմին խոսել է Ադրբեջանին զինելու հարցում Իսրայելի երկու հիմնական դրդապատճառների մասին, գրում է topcor.ru կայքը։
Նա ընդգծել է, որ Բաքվի հետ համագործակցության հարցում Թել Ավիվի հետաքրքրությունը զուտ առևտրային չէ։ Նախևառաջ Ադրբեջանն Իսրայելին Իրանի հետ դիմակայության ճակատում որպես ֆորպոստ է անհրաժեշտ․ չէ որ Անդրկովկասից Իսլամական պետության տարածքում հետախուզություն իրականացնող անօդաչու թռչող սարքերի թռիչքներ են իրականացվում։
Քեդմին նշել է, որ ռազմական առևտրի ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը երկարամյա հարաբերություններ են ունեցել։ Առաջին հերթին խոսքը 1,5 միլիարդ դոլար արժողությամբ իսրայելական անօդաչու թռչող սարքերի, էլեկտրոնային հետախուզական սարքավորումների, ինչպես նաև LORA հրթիռային համակարգերի մատակարարման մասին է։
Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի հետաքրքրության մեկ այլ գործոն է նաև ադրբեջանական կողմի մտերմությունը միջուկային ծրագիրը զարգացնող Իրանի հետ. Թել Ավիվը Թեհրանի միջուկային ծրագիրը որպես տարածաշրջանային պոտենցիալ սպառնալիք է դիտարկում։
Իրանին հակազդելուց բացի Իսրայելի՝ Ադրբեջանի զինման պատճառներից է նավթի մատակարարումը։
«Զենքի մատակարարման առաջին պատճառը նավթն է, այն յուրատեսակ փոխադարձ վճարման մի ձև է։ Այսինքն՝ նավթի համար վճարելու փոխարեն զենք են մատակարարում»,- ընդգծել է Յակով Քեդմին։
Միևնույն ժամանակ փորձագետը նշել է, որ ԼՂ հակամարտության մեջ իսրայելական զենքը որոշիչ դեր չի կատարում, քանի որ ադրբեջանցիներն օգտագործում են նաև թուրքական զենք, այդ թվում`անօդաչու թռչող սարքեր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










