Պատերազմի ժամանակ հայտարարելը, թե իշխանությունները լավը չեն, պետք է հեռանան ևս կարող է խուճապ առաջացնել. նախարարը՝ ռազմական դրության կանոնները խստացնելու մասին (տեսանյութ)

12:24 • 09.10.20

Բացի վարչապետի հայտարարությունից, բազմաթիվ հրապարակումներ եղան դրա հետ կապված, բազմաթիվ խուճապային տրամադրություններ ստեղծելու փորձ, մենք չենք կարող թողնել այդ իրավիճակն ինքնահոսի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ռազմական դրության կանոնները խստացնելու անհրաժեշտություն ծագեց:

Նախարար Բադասյանը նշեց՝ կարելի է ասել, որ իրենք ռազմական դրության առաջին իսկ օրվանից քննարկել են նման փոփոխությունների անհրաժեշտությունը: «Բայց մեր քաղաքականությունը եղել է հետևյալը՝ վստահել մեր բոլոր գործընկերներին, վստահել, որ նման տեղեկություններ չեն տարածվի, բայց ընթացքում մենք ունեցանք դեպքեր, որ այդ կանոնակարգումները չպահպանվեցին»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունի, նախարարը պատասխանեց, որ սկսած ֆեյսբուքյան ստատուսներից, վերջացրած վարչապետի նկարագրած իրավիճակով, որը չի բացառում Քրեական օրենսգրքով արգելված այլ հանցակազմի պարունակում:

Հարցին՝ եթե պատերազմի ժամանակ ասում են՝ իշխանությունները լավը չեն, պետք է հեռանան, արդյոք դա դավաճանություն է, Բադասյանն ասաց, որ դա ևս խուճապ առաջացնելու տրամադրություններ կարող է առաջացնել:

Ճշտող հարցին, թե հիշո՞ւմ է ինչ էր տեղի ունենում նախկինում, նա պատասխանեց. «Չեմ կարծում, թե ռազմական դրության ժամանակ նման հարցեր քննարկելու ժամանակն է և այստեղ պարզ քննադատության մասին չէ, խոսքը պատերազմի ընթացիկ իրավիճակի վրա ազդելու, խաթարելու, մեր զինվորների ոգին կոտրելու և նման արարքների մասին է»:

Դիտարկմանը, որ Արցախյան պատերազմի ժամանակ 90-ականներին պահանջում էին նախագահի հրաժարականը, նա նշեց. «Չգիտեմ՝ Արցախյան պատերազմի ժամանակ ինչ իրավիճակ ենք ունեցել, կարծում եմ՝ դուք նկատել եք, թե վերջին ժամանակահատվածում տեղեկատվական տեխնոլոգիաները ինչ դեր են ձեռք բերել, ինչ է հնարավոր անել տեղեկատվական տեխնոլոգիաներով և այսօր պատերազմը ընթանում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հետևաբար՝ մենք չենք կարող 90-ականների իրավիճակը համեմատել 2020 թվականի հետ»:

Tert.am-ի դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչների հնչեցրած տեղեկություններից էլ է խուճապ առաջանում, օրինակ՝ նշվում է մեկ տարվա զորացրվածների թիվ, որտեղ հավաքվեն, զրահաբաճկոնների պակասի մասն, նախարարն ասաց. «Պաշտոնական լրահոսով բացառապես ճշմարտություններ են հնչում: Ձեր նշած դեպքերից շատերը մեկնաբանություններ են, եթե ասում են՝ այստեղ ենք հավաքվում, այնտեղ ենք հավաքվում, դա չի վկայում ինչ-որ խնդիրների մասին, դա ավելի շատ վերլուծական դաշտում է, դա փաստի մասին հրապարակում չէ, որը խուճապ առաջացնի, իսկ պաշտոնական լրահոսով տարածվում են տեղեկություններ, որոնք ճշմարիտ են, մենք խնդիր չունենք թաքցնելու որևէ բան»:

Դիտարկմանը, որ եթե վարչապետն ասում է՝ 10 000 հոգի անցած տարվա զորացրված ունենք, կգաք Կենտրոնական հավաքակայան, դրանք տվյալների հաղորդում չե՞ն, բա որ Ադրբեջանի հրթիռները Կենտրոնական հավաքակայանը հրետակոծեն, նա նշեց, թե կարծում է, որ բոլոր նման հայտարարությունները նախապես ճշտված են լինում և այդպիսի տեղեկատվություն տարածելիս որևէ խուճապ չի կարող առաջանալ, բացի այդ, նախատեսվում է, բնականաբար, բոլոր հետևանքները, նաև թշնամու վարքագիծը և որևէ խնդիր չի կարող առաջանալ, պետք է ընդամենը պաշտոնական լրահոսին հետևել: