Երևանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը (տեսանյութ)
Երևանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Ելույթներով են հանդես եկել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները, առցանց եղանակով՝ նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետը։
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն իր խոսքում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի երկայնքով ծավալվող ռազմական գործողություններին՝ նշելով. «Առաջին հերթին ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել այս օրերին բոլոր զոհվածների և տուժածների հարազատներին և մտերիմներին։ Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում։ Եվ, իհարկե, կարևոր է ապահովել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և անցնել դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանը։ Ռուսաստանը պատրաստ է նպաստել դրան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ»։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել սանիտարա-համաճարակային իրավիճակին և Միությունում ուղևորափոխադրումների վերսկսման հարցերին, ուղևորային հաղորդակցության անվտանգ վերականգնման ուղղությամբ անելիքներին։ Քննարկման առարկա են դարձել եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարությունը, Միության ներքին շուկայում 2018-2019 թթ. համար սահմանափակումների վերացումը, ԵԱՏՄ-ում ապրանքների անդրսահմանային էլեկտրոնային առևտրի կարգավորման հիմնական ուղղությունները և արտահանման զարգացման համատեղ միջոցառումները։ Նիստի արդյունքներով ստորագրվել են փաստաթղթեր։
Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի 4-ին, Մոսկվայում։










