Բանակցությունների մասին տեղեկացել եմ մամուլից, բայց կարող եմ ասել՝ դրանց ընթացքում էլ իմ աչքի առաջ մարտական գործողությունները շարունակվել են առանց որևէ տարբերության. Հովհաննիսյան (տեսանյութ)
Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում. հյուսիսում նույնիսկ այսօր ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը, բայց ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ասուլիսին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայկական ԶՈւ-երը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին և անհրաժեշտ հակահարված տալով ետ շպրտել ելման դիրքերը: Այսօր հակառակորդը նորից կրել է որոշակի կորուստներ: Այս պահին մարտերը շարունակվում են: Այսօր ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները և պաշտոնական շրջանակները հայտարարեցին, ընդ որում՝ չգիտեմ որերորդ անգամ, թե գրավել են Ջեբրայիլը, նույնիսկ Հարդութը և հարակից գյուղերը: Դա մեղմ ասած ծիծաղելի էր, այդ ժամանակ ես գտնվում էի հենց քաղաք Հադրութում և որևէ նման բան չկար: Ավելին ասեմ՝ կոնկրետ այդ ողղությամբ ընդհանրապես ակտիվ մարտական գործողություներ չկան»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ այսօր ամբողջ ցերեկը շարունակվել է Ստեփանակերտ քաղաքի հրետակոծությունը: «Առնվազն մի քանի տասնյակ պայթյուններ որոտացին տարբեր տրամաչափի զենքերից: Այսօր իմ աչքերով տեսա Շուշիի եկեղեցու փլված հատվածը: Ըստ էության եկեղեցու մեկ հատվածին ուղիղ դիպուկ, կարելի է ասել գերճշգրիտ հարված է հասցվել, ընդ որում, երկու անգամ և դա որևէ կերպ չի կարող լինել պատահական հարված»,- նշեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է՝ կամ միտումնավոր, կամ հանգանքներն են այդպիսին: «Շատ ենք տեսել պատմության մեջ դեպքեր, երբ անհաջողությունները վերադասին չեն զեկուցում, վերև բարձրանում են միայն հաջողությունները, հետևաբար խաթարվում է կառավարման համակարգը»,- ասաց նա:
Անդրադառնալով հակառակորդի կորուստներին՝ Հովհաննիսյանը նշեց, որ այսօր չեն ամփոփել, սակայն 2 տասնյակին մոտ տեխնիկայի կորուստ ունի հակառակորդն այսօր: Նա հավելեց, որ նախիջևանյան մասում իրավիճակը հանգիստ է, չկան մարտական գործողություններ:
Ինչ վերաբերում է հարցին՝ որքանով են Ժնևում և Մոսկվայում մեկնարկած բանակցություններն արդյունավետ եղել, Հովհաննիսյանը նշեց, որ այդ բանակցությունների մասին տեղեկացել է մամուլից և որ նշված բանակցությունների ընթացքում իր աչքի առաջ մարտական գործողությունները շարունակվում էին առանց որևէ տարբերության:
Անդրադառնալով երեկ Վարդենիսում ոչնչացված 7 ԱԹՍ-երին՝ Հովհաննիսյանն ասաց, որ դրանք հետախուզական են եղել, բայց չգիտի՝ արդյոք բոլորը: «ԱԹՍ-ների մեջ կան նաև հետախուզահարվածային ԱԹՍ-ներ, շատ հաճախ տարանջատելը դժվար է»,- նշեց նա:










