ԼՂ հարցով մոսկովյան բանակցությունների մեկնարկից առաջ ուժեղացվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրի անվտանգությունը (լուսանկար)

16:55 • 09.10.20

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպումից առաջ ուժեղացվել է ՌԴ ԱԳՆ-ի Հյուրընկալությունների տան անվտանգությունը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Հյուրընկալությունների տան մուտքի դիմաց շարքով կանգնած են իրավապահ մարմինների աշխատակիցները: Տարածքում նկատվել են նաև ՕՄՕՆ-ականներ:

Հայտնի է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն արդեն ժամանել են Մոսկվա:

Ավելի վաղ Կրեմլը հաղորդել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է Ռուսաստան՝  Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման նպատակով: Հինգշաբթի Պուտինը կոչ էր արել մարդասիրական դրդապատճառներով դադարեցնել Ղարաբաղում տեղի ունեցող մարտերը, որպեսզի հնարավոր լինի մահացածների և գերիների մարմինների փոխանակում իրականացնել: Այսօր էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին․ նրա խոսքերով՝ այս հանդիպման համար «ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

 Михаил Метцель/ТАСС