Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նոր տարածաշրջանային կարգ է ստեղծում. Al Jazeera
Մինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն ընթացքի մեջ է՝ առանց կողմերի ձեռքբերումների մասին որևէ հավաստի և վերջնական զեկույցի, պարզ է դառնում, որ այս պատերազմի հետևանքներն ավելի մեծ կլինեն, քան զոհերի քանակը, քանի որ զարգանում է հակամարտությամբ զբաղվող տարածաշրջանային նոր շրջանակ, գրում է Al Jazeera-ն:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սառեցված հակամարտության վերսկսումը նախապատրաստվել է ամիսներ շարունակ: 2020թ. հուլիսին երկու երկրների միջև սահմանային բախումներից հետո օգոստոսին Անկարան մեծացրեց իր հռետորբանությունն ընդդեմ Հայաստանի՝ Սևրի պայմանագրի հարյուրամյակի նախօրյակին և հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական համատեղ զինավարժությունների ֆոնին: Այնուհետև սկսեցին լուրեր պտտվել Թուրքիայի կողմից ռազմական օժանդակություն ցուցաբերման և Ադրբեջանին ռազմատեխնիկա մատակարարելու մասին: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, սեպտեմբերի 27-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունները սկսելուց ընդամենը մեկ օր առաջ, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները իրենց ելույթներում նույնպես կանխանշել են սրացումը: Թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրենց խոսքում օգտագործել են զգուշացնող բառապաշար:
Շատ աղբյուրներ կարծում են, որ ԼՂ սառեցված հակամարտության վերսկսումը Կովկասում Մոսկվայի և Անկարայի միջև դարավոր պատերազմի նոր գլուխն է: Այնուամենայնիվ, ավելի լավ ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ երկու կողմերն էլ այս թարմացված հակամարտությունն օգտագործում են իրենց ազդեցությունը տարածարջանում մեծացնելու համար՝ բացառելով արևմտյան գերտերություններին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










