«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան բանակցություններից հետո Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ»․ Պեսկով

15:14 • 09.10.20

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում Մոսկվայում այսօր տեղի ունենալիք բանակցություններից հետո հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Այժմ նախատեսվում է միայն արտգործնախարարների մակարդակով աշխատանք իրականացնել»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպում կունենան ՌԴ ղեկավարի հետ։

Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե դիվանագետների միջև առաջիկա հանդիպման օրակարգը ինչպիսին կարող է լինել:

«Եկեք առաջ չընկնենք, սպասենք շփումների ավարտին»,- նշել է նա:

Մեկնաբանելով Agence France Press-ի հրապարակումն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը արդեն ուրբաթ և շաբաթ կարող են զինադադար կնքել, Կրեմլի խոսնակը նշել է, որ «այդ մասին ոչինչ չի կարող ասել»:

Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա այսօր 15:00-ին (Երևանի ժամանակով 16։00-ին):

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։