Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները գերիների և զոհերի մարմինների փոխանակման համար. ТАСС

00:43 • 09.10.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարություն է տարածել Կրեմլը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրադադարի նպատակը պետք է լինի գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը:

Բացի դա, ինչպես հայտնում է РИА Новости-ն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Ռուսաստան՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդատվության:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։