Թուրքիայի բացահայտ աջակցությունը, Ստեփանակերտի հրետակոծումն ու վարձկանների մասնակցությունը. ABC News-ը պատմել է ԼՂ-ում չդադարող ռազմական գործողությունների մասին (տեսանյութ)
Ամերիկյան ABC News հեռուստաալիքի թղթակից Պատրիկ Ռիվան ուշագրավ ռեպորտաժով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանն ու արդեն մոտ 2 շաբաթ չդադարող ռազմական գործողություններին:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը կրկին վերսկսվել է: Ահա այսպիսի տեսք ունի ԼՂ մայրաղաքաք Ստեփանակերտը վերջին ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում: Երկու երկրները լայնամասշտաբ պատերազմական գործողություններ են սկսել վիճելի տարածքի սահմանի երկայնքով»,- նշում է թղթակիցը, որի խոսքին զուգընթաց ավերված քաղաքից կադրեր են ցուցադրվում:
Նա նշում է, որ այս պահին Երևանից միայն մեկ ճանապարհ է բաց դեպի Լեռնային Ղարաբաղ: Լեռների միջով անցնելիս պատերազմի նշաններն ակնհայտ են, նշում է Ռիվան:
«Որքան մոտենում ենք Արցախին տեսնում ենք շտապօգնության մեքենաներ, որոնք գալիս են ռազմաճակատից: Ղարաբաղի սահմանին մոտ հանդիպում ենք մի խումբ մարդկանց, ովքեր իրենց մեքենաներն են տրամադրում վիրավորներին և օգնությունը տեղափոխելու համար»,- պատմում է լրագրողը:
Նա նշում է, որ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին և դա անում է շատ ավելի ագրեսիվ, քան նախկինում: Թուրքիայի կողմից Սիրիայից բերված վարձականները պատերազմում են Ադրբեջանի կողմից: Սակայն Բաքուն և Անկարան հերքում են տեղեկությունը:
Հատկանշական է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող փախստականների ճամբարից 2 վարձկան պատմել են՝ ինչպես են նրանց առաջարկել գնալ Ադրբեջան: Թուրքիայի կառավարությունն առաջարկել է Սիրիայի ազատ բանակի գրոհայիններին մեկնել Ադրբեջան: Մոտ 200-300 սիրիացու առաջարկվել է 13 000-18 000 դոլար աշխատավարձ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










