«Էթնիկ բնաջնջումը սկսելուց հետո Ադրբեջանը մտել է մշակութային բնաջնջման փուլ». Վալերի Բուայեն՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման մասին

14:39 • 09.10.20

Ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ Վալերի Բուայեն թվիթերյան էջում գրառում է կատարել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերաբերյալ, որն Ադրբեջանը հրթիռակոծել էր հոկտեմբերի 8-ին:

«Էթնիկ բնաջնջումը սկսելուց հետո Ադրբեջանը մտել է մշակութային բնաջնջման փուլ՝ հիշեցնելով մեզ պատմության մութ ժամերի մասին, ներառյալ 1915թ. Հայոց Ցեղասպանությունը: Միջազգային հանրությունը չի կարողանա ասել, որ չի իմացել այդ մասին»,- գրել է Բուայեն:

Քաղաքական գործիչը կից հրապարակել է հրթիռակոծված եկեղեցու ներսում արված լուսանկար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։