Մեր զինուժի խնդիրը խորքային հարձակման անցնելն ու պատերազմը թշնամու տարածք տեղափոխելով՝ անվտանգության երկրորդ գոտի ձևավորելն է. Կարեն Վերանյան (տեսանյութ)
Տարածաշրջանի ուժային կենտրոնները՝ Ռուսաստանն ու Իրանը, հրաշալի գիտեն, թե ով է սկսել պատերազմն ու ով է խախտում հրադադարը, նրանց հետախուզական, արբանյակային միջոցները թույլ են տալիս հավաքել այդ տեղեկությունը. ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրներն էլ փաստել են, որ Արցախի դեմ կռվում են ահաբեկչական խմբեր, սիրիացի զինյալներ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը:
«Բոլորի համար էլ հստակ է, թե ով է խախտում հրադադարը, թե ով նման մոտիվացիա ունի: Հայկական կողմը տարածք նվաճելու նպատակ չունի: ԱՄՆ-ն խոսեց Ադրբեջանում ահաբեկչական սպառնալիքի մասին, իսկ թշնամու հակաթեզը զավեշտալի էր՝ իբր հայկական կողմից էլ քուրդ զինյալներ են կռվում: Եթե նույնիսկ մեկ քուրդ զինյալ լիներ մեր կողմից, ԱՄՆ-ն և Թուրքիան մեծ աղմուկ կբարձրացնեին»,- ասել է փորձագետը:
Ըստ Վերանյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի պահպանումը լավ լուր է, ՌԴ-ն այդպիսով տապալում է Թուրքիայի փորձերը՝ փոխելու բանակցային ձևաչափը. «Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին որևէ կերպ չի հակասում եռանախագահության ձևաչափին: Աբսուրդ է, որ հակամարտող կողմերից մեկը չի մասնակցում բանակցություններին, երբ պատերազմը գնում է նրա տարածքում: Կարևոր էին նաև Թուրքիային ուղղված այն հայտարարությունները, որ երրորդ երկրները պետք է զերծ մնան այս հակամարտությունից»:
Փորձագետի կարծիքով՝ հայկական զինուժի հաղթանակը, առաջնային նոր բնագծեր նվաճելը մեր դիվանագետներին հնարավորություն կտա շատ ավելի ամուր դիրքերից բանակցել. «Ադրբեջանը փորձում է Թուրքիայից և Իսրայելից ստացվող աջակցությամբ փուլ առ փուլ հարձակողական գործողություների անցնել, բայց այդ միջոցներն անսահմանափակ չեն: Արցախյան ուժերը կանցնեն հակագրի ամբողջ ճակատով: Արցախի ազատագրական պայքարը մի քանի ճակատով է՝ մի քանի ուժերի, այդ թվում՝ ահաբեկիչների դեմ: Մեր խնդիրը խորքային հարձակման անցնելն է, պատերազմն Ադրբեջանի տարածք տեղափոխելն ու անվտանգության երկրորդ գոտի ձևավորելը»:
Կարեն Վերանյանի պնդմամբ՝ սա հյուծող պատերազմ է, որն Ալիևի սցենարն է, մեր խնդիրն է այդ շրջապտույտից դուրս գալը. «Շատ կարևոր դրույթ է Արցախի ԱԺ-ի առաջ քաշած հակաահաբեկչական կոալիցիան, այսօր նման ծավալի ահաբեկչական խմբեր որևէ այլ գոտում չկան՝ հաշվի առնելով Արցախի փոքր տարածքն ու կոնֆլիկտի լոկալ բնույթը: ՌԴ-ում և Իրանում առաջին հերթին պետք է այդ մտահոգությունը լինի, ԱՄՆ-ն էլ լուռ է և սահմանափակվում է հայտարարություններով: Եթե այս երկրները չարձագանքեն, Թուրքիան մարտահրավեր կնետի նաև նրանց»:
Փորձագետի պնդմամբ՝ Թուրքիայի նպատակը նաև ՌԴ հյուսիսկովկասյան տարածաշրջանն ապակայունացնելն է, այդ պատճառով այնտեղ հակաահաբեկչական գործողություններն են սկսվել: «Այս ամենին պետք է օպերատիվորեն արձագանքել, չթողնել, որ Թուրքիան Հարավային Կովկասում փոխի ուժային հավասարակշռությունը: Թուրքիան պետք է դուրս մղվի ոչ միայն այս հակամարտության կարգավորումից, այլև Հարավային Կովկասից առհասարակ»,- ամփոփել է «Օրբելի» կենտրոնի փորձագետը:
Դավիթ Սարգսյան










