Վաղուց պետք է ներդրվեին վերիֆիկացիոն մեխանիզմներ, այդ ուղղությամբ շատ առաջարկներ են եղել, սակայն ոչ թե հայկական կողմն է հրաժարվել այդ մեխանիզմներից, այլ ադրբեջանական կողմը. Զոհրաբ Մնացականյան
Մեր այսօրվա առաջնային հարցը կրակի դադարեցման հարցն է և վերիֆիկացիոն մեխանիզմների ապահովվումը. այսօր Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե երկուստեք մեղադրանքներ են հնչում հրադադարի խախտման վերաբերյալ, և որոնք են այն վերիֆիկացիոն մեխանիզմները, որոնք թույլ կտան դադարեցնել կրակը և ռազմական գործողությունները:
«Այսօր ընթանում են խորհրդակցություններ, Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությամբ և Կարմիր խաչի ներգրավմամբ, որպեսզի գտնենք մեխանիզմներ և կարողանանք կոնկրետ սկսել աշխատանքները, և այդ գործընթացում երեք նախագահները անմիջականորեն ներգրավված լինեն, որ ամուր հիմք ստեղծվի ապահովվելու ամուր հրադադար, և աշխատենք մարդասիրական հարցերի շուրջ»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
Նա նշեց, որ եթե չկարողանան երկարաձգել հրադադարը, այն կշարունակի ծայրահեղ բացասաբար ազդել բոլոր հարցերի վրա, դրա համար հրադադարի պահպանումը մեզ համար և՛ մարտահրավեր, և՛ կարևորագույն առաջադրանք է, և այդ մեխանիզմները շատ կարևոր են, այդ մասին հայկական կողմը շատ է խոսել:
«Եթե կան մեղադրանքներ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մենք միշտ խոսում ենք դրա մասին, վաղուց պետք է ներդնել վերիֆիկացիոն մեխանիզմներ, այդ ուղղությամբ շատ առաջարկներ են եղել: Սակայն ոչ թե հայկական կողմն է հրաժարվել, այլ ադրբեջանական կողմն է հրաժարվել այդ մեխանիզմներից, և այսօր ունենք այն, ինչ ունենք: Ես չեմ կարող ընդունել որևէ մեղադրանք Հայաստանի և Ղարաբաղի հասցեին՝ այսօր իրականացվող գործողությունների համատեքստում: Հայաստանը եղել և մնում է Ղարաբաղի անվտանգության երաշխիքը։ Լեռնային Ղարաբաղի համար իրենց գոյաբանական պայքարի հարցը այսօր իրատեսական է՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել»:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատեց, որ հրադադարի պահպանման հարցերը շատ առանցքային և կարևոր են: Նա նշեց, որ Վ. Պուտինը՝ իր այլ գործընկերների հետ, Երևանում և Բաքվում հարցազրույցների ժամանակ շոշափել է նաև վերիֆիկացիայի խնդիրը, թե ինչպես է տեղում հսկվելու դա:
«Ակնկալվող հրադադարը մեր համատեղ հայտարարության մեջ, երբ այստեղ ընդունվեց հոկտեմբերի 10-ին, նշվում է հստակ, որ հրադադարի հսկման մեխանիզմները լրացուցիչ են մշակվելու՝ հաշվի առնելով իրավիճակի սրությունը Ղարաբաղում և դրա շուրջ՝ հաշվի առնելով պրոբլեմի սրությունը: Գերիների, պահվող անձանց և դիակները պետք է վերադարձնել հարազատներին, չի կարելի այդ գործընթացը ձգձգել: Աշխատանքները ընթանում են, Ռուսաստանն աջակցում է նաև Կարմիր խաչի կոմիտեին, բոլորը պատրաստ են ներգրավվելու գործընթացին՝ հրադադարը պահպանելու դեպքում»,- ընդգծեց Սերգեյ Լավրովը:










