ՌԴ փոխարտգործնախարարը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի հարցով պայմանավորվածությունների իրագործումը

20:55 • 12.10.20

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը քննարկել է Արցախում հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված քայլերը:

«Զրույցի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Քննարկվել են կարևոր քայլեր՝ ուղղված Մոսկվայում հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործանախարարներ Սերգեյ Լավրովի, Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կողմերը նաև հաստատել են հետաքրքրվածությունը լարվածության թուլացմանն ուղղված հավաքական ջանքերի շարունակության հարցում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ հոկտեմբերի մեկին արած համատեղ հայտարարության դրույթները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 525 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։