ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անընդունելի է անվանել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնության խախտումների մասին հաղորդումներով և նման գործողություններն անթույլատրելի է համարում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Հանգստյան օրերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել էր հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը մշակվել էր Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից: Կարող եմ տեղեկացնել, որ այսօր լրջորեն հիասթափված ենք հրադադարի ռեժիմի խախտման մասին լուրերով և այդ խախտումներն անընդունելի ենք համարում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է ցանկացած գործողություն՝ ուղղված քաղաքացիական բնակչության դեմ: Գլխավոր քարտուղարը կրկին հիշեցնում է կողմերին քաղաքացիական անձանց և քաղաքացիական կառույցները պաշտպանելու նրանց պարտավորությունների մասին՝ միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան»,- ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ:
«Կիսում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարի մտահոգությունը՝ կապված այն վնասի հետ, որը հասցվել է քաղաքացիական անձնաց: Պատրաստ ենք ցանկացած մարդասիրական օգնություն հատկացնել այդ հաշվով դիմում ստանալուն պես»,- հավելել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 525 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










