Զախարովան պատմել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով 11 ժամ տևած բանակցությունների ընթացքի մասին

18:16 • 12.10.20

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия 1 հեռուստաալիքի եթերում մանրամասններ է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքի մասին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Զախարովայի խոսքով՝ բանակցությունները տևել են շուրջ 11 ժամ և ավարտվել են գիշվա ժամը երկուսին: Միևնույն ժամանակ նշվում է, որ նախարարների հանդիպումը սկզբնապես խորհրդակցությունների բնույթ էր կրում, սակայն ընթացքում հաջողվել է փաստաթուղթ մշակել, որը հենակետային է դարձել հակամարտության կարգավորման հարցում:

Մասնակիցները մի քանի անգամ ընդմիջել են, որպեսզի պատվիրակության անդամները կարողանան զանգահարել Երևան և Բաքու:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա (Սերգեյ Լավրովը - Tert.am) բանակցությունների այս փուլին նվիրվել է ամբողջությամբ, ներդրել է իր ողջ բանականությունը, բանակցողի իր բոլոր կարողությունները և մարդկային որակները»,- շեշտել է Զախարովան: Վերջինս ընդգծել է նաև, որ բանակցային գործըթացի կայացման համար մեծ դեր է խաղացել անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Զախարովայի խոսքով՝ նրա բազմաթիվ հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի հետ հիմք են դրել հակամարտության կարգավորման համար:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Մոսկվայում հանդիպում է կայացել ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, որի արդյունքում հայտարարվել է մարդասիրական հրադադարի որոշման մասին, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից, սակայն Ադրբեջանը բազմիցս խախտել է այն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 480 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։