Johnson & Johnson-ը դիմել է ԱՄՆ-ում սեփական հակակորոնավիրուսային պատվատանյութը գրանցելու համար

11:29 • 05.02.21

Johnson & Johnson ամերիկյան բժշկական արդյունաբերական ընկերությունը կորոնավիրուսի սեփական պատվաստանյութի գրանցման համար հայտ է ներկայացրել ԱՄՆ սննդի և դեղերի վարչություն: Այս մասին հայտնում է USA Today-ը:

«Johnson & Johnson ընկերությունը հայտարարում է, որ կորպորացիայի մաս կազմող Janssen Biotech-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ սննդի և դեղերի վարչություն (FDA)՝ իր մեկ դեղաչափով պատվաստանյութի արտակարգ օգտագործումը թույլատրելու համար», - ասվում է ընկերության կողմից տարծված մամուլի հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ հունվարի վերջին ամերիկյան ընկերությունը հայտարարել էր, որ իր մեկ դեղաչափով  պատվաստանյութը ԱՄՆ-ում 72% արդյունավետություն է արձանագրել, իսկ Լատինական Ամերիկայում և Հարավային Աֆրիկայում՝ 66%: 

Կորոնավիրուսային հիվանդության՝ օրգանիզմում ծանր ընթանալու դեպքում պատվատանյութը  85% արդյունավետություն է ցույց տվել: Մասնավորապես, պատվաստելուց հետո 28 օր անց արձանագրվել է հիվանդության հետևանքով հոսպիտալացումից և մահվանից լիակատար պաշտպանություն: 

Նշենք՝ ընկերության կողմից արտադրված հակակորոնավիրուսային այս պատվաստանյութը ստեղծվել է ադենովիրուսի հիմքի վրա, որը մարդու օրգանիզում առաջանում է ի պատասխան իմունային հսկողության թուլացման: Բացի այդ, ի տարբերություն երկրում գրանցված այլ պատվաստանյութերի, այն չի պահանջում երկու չափաբաժին և մի քանի ամիս կարող է պահվել սառցարաններում: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ում մինչ այժմ պաշտոնապես հաստատվել են հակակորոնավիրուսային պատվաստանյութեր, որոնք արտադրվել են Pfizer/BioNTech և Moderna ընկերությունների կողմից: 

Johnson & Johnson-ը դիմել է ԱՄՆ-ում սեփական հակակորոնավիրուսային պատվատանյութը գրանցելու համար