ԱՄՆ-ի առողջապահական մարմինները կոչ են անում դադարեցնել Johnson & Johnson պատվաստանյութի օգտագործումը թրոմբի առաջացման դեպքերի ֆոնին
ԱՄՆ-ի առողջապահական մարմինները կոչ են անում դադարեցնել Johnson & Johnson պատվաստանյութի օգտագործումը՝ արյան թրոմբի գրանցված դեպքերի ֆոնին, հայտնոմ է BBC լրատվականը։
Սննդի և դեղերի վարչությունը տեղեկացրել է, որ թրոմբի առաջացման 6 դեպք է գրանցվել 6,8 միլիոն չափաբաժին պատվաստանյութի կիրառման սահմաններում: Վարչությունը խորհուրդ է տվել դադարեցնել պատվաստանյութի օգտագործումը՝ զգուշության նկատառումներով։
Բոլոր 6 դեպքերը գրանցվել են 18-ից 48 տարեկան կանանց մոտ, իսկ ախտանշանները հայտնվել են պատվաստումից 13 օր անց։
Հայտարարության մեջ նշվում է, որ Johnson & Johnson պատվաստանյութի ներարկում ստացած մարդիկ, որոնք պատվաստումից հետո 3 շաբաթվա ընթացքում ուժեղ գլխացավ, որովայնի ցավ, ոտքի ցավ կամ շնչառության փոփխություն կզգան, պետք է դիմեն բժշկի:
Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ անվտանգությունն իր «թիվ մեկ առաջնահերթությունն է», և որ առողջապահական մարմինների հետ կիսվում են «բոլոր իրադարձությունների հաշվետվություններով»: Հայտարարության մեջ նաև նշված է, որ ընկերությունը տեղյակ է թրոմբի առաջացման դեպքերից, սակայն պատվաստանյութի և դեպքերի միջև կապը դեռևս չի հաստատվել։










